ԳՐԵՑ՝ ԱՍՅԱ ԱՍԱՏՐՅԱՆ
Լրագրող, հրապարակախոս, բանաստեղծուհի



Արհեստ և արվեստ ծնող Գյումրին որբացած ավերվել էր, վերքերը լեցուն, արնաքամ: Գյումրին ողբում էր: Ոչ ոք չէր հավատում, որ երբևէ Գյումրին կժպտա: Մրմուռը պատել էր բոլորիս սրտերը: Շատերը հեռացան, շատերը թալանեցին ուղարկած օգնությունները, շատերը նաև սեփական ցավի մեջ մոռացան Գյումրին: Հազիվ արհավիրքից մազապուրծ հարազատներին էին օգնում: Ով պետք է մխիթարեր, ով էր այդ նվիրյալը, որի կարիքն այդքան ուներ Գյումրին ու այնտեղ գոյատևող գյումրեցին: Իզուր չի ասվում, որ միշտ Աստված բոլոր փակ դռների առջև մի դուռ բացում է:

Աստծո կամոք, հազվադեպներից մեկը եղավ ARTN հեռուստաընկերության միակ տնօրեն Ռոբերտ Օղլախչյանը, ով Լոս Անջելեսում ամենաերկար հարատևող հեռուստաընկերությունն ունի և ով տեղի հայերին հայեցի պահելու առաքելություն է իրականացնում: Հազվագյուտ մարդն էր, ով չտրվեց քաղաքականությանը և իր հեռուստաալիքը նույնպես զերծ պահեց քաղաքականությունից: Անկողմնակալ, իրական լուրերն այսօր էլ հեռարձակվում է միայն ARTN ալիքով, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալներ: Նա ունի առողջ մտածելակերպով, գրագետ աշխատակազմ: Հեռուստաեթերը լի է բովանդակալից հաղորդումներով, ժամանցային ծրագրերով, սերիալներով և հագեցած լրատվությամբ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից և աշխարհից: Բայց այս ամենն Օղլախչյան Ռոբերտի համար օրակարգ է: Նա մեծ, շատ մեծ հոգս ունի: Լինելով Գյումրեցի, անշահախնդրորեն իր վրա է վերցրել Գյումրիի դարդը, չնայած, այստեղ ապրող ոչ բոլոր գյումրեցիներն են ականջալուր այդ դարդին:

Ռոբերտի համախոհն են դարձել ARTN-ի հեռուստադիտողները և երկրաշարժի զոհերի երկինք հառնած հոգիները: Նա իր ուսերին վերցրեց Գյումրուն նվիրված հեռուստամարաթոններ կազմակերպելու անչափ պատասխանատու նախաձեռ-նությունն ու Հայաստան հիմնադրամի հետ համատեղ՝ իրականացումը: Արդեն կազմակերպված 5 հեռուստամարաթոններին Ռոբերտ Օղլախչյանն անվճար տրամադրեց իր հեռուստաընկերությունը՝ տաղավարները, տեխնիկան, հեռուստաժամը: Բոլոր հեռուստամարաթոններին ARTN-ի ողջ անձնակազմն անշահախնդրորեն միանում է տնօրենի նախաձեռնած մեծ ու բարի գործին: Հեռուստադիտողները հաճախ չեն էլ պատկերացնում հեռուստաեթերի բար-դություններն ու ծախսերը: Բայց Օղլախչյանի համար կարևորն այն է, որ այդ եթերի ամեն րոպեն հեռուստադիտողին մտովի տանի Գյումրի, անմխիթար տնակներ, որտեղ անասելի դժվարություններ հաղթահարելով, մաքառում և գոյատևում են բազում ընտանիքներ:

Եվ ամեն հեռուստամարաթոնին հեռուստացույցի առջև նստած յուրաքանչյուր հայ, կարծում եմ, նույն զգացումն է ապրում ինչ ես. -<<Մեր յուրաքանչյուր նվիրատվության շնորհիվ, անկախ գումարի չափից, կենդանանում է Գյումրին՝ արհեստների ու արվեստների մեր սիրելի քաղաքը և արթնանում է հույսը, որ կրկին հառնում է Գյումրվա ոգին>>: իսկ Ռոբերտ Օղլախչյանի հետևողականությունն ու ծննդավայր Գյումրիին անսահման նվիրվածությունը դառնում է հույսի այն փարոսը, որը վերածվում է հեռուստադիտողների գիտակցված քայլի:

Ասյա Ասատրյան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *