18.04.021թ | Հայ Զինվոր
ԱՐՑԱԽՈՒՄ ՀՀ ԶԻՆՈՒԺԻ ԹԻՎԸ ՉՊԻՏԻ ՊԱԿԱՍԻ: ԴԱ ԿԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՍԿԻԶԲԸ
Ոչինչ կորած չի, եթե կորած չի ամեն ինչ: Նրանք, ովքեր խոսում են այն մասին, որ ՀՀ պաշտոնապես ճանաչված տարածքից ոչ մի զինվոր չպիտի մեկնի Արցախում ծառայելու, կամ ուղղակի էմոցիոնալ խոսք են ասում, կամ չեն հասկանում ինչ են խոսում: Խորհուրդ կտամ նայել այս քարտեզին: Արցախի սահմաններն Ադրբեջանի հետ չեն նվազել, նույն 270կմ-ն է, բայց տարածքը նվազել է 4 անգամ: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ Արցախը միայն փոքրիկ պարանոցով է կապված մայր հայրենիքի հետ, իսկ այնտեղ ապրող հայերի թիվը փաստացի չի գերազանցում 50 000-70 000: Ովքեր կարծում են, որ Արցախ զորք չուղարկելով մենք կկանխենք նոր պատերազմը, իսկ Ալիևին ու Էրդողանին կդարձնենք խաղաղության հրետակներ՝ չարաչար սխալվում են: Արցախ զորք չուղարկել, նշանակում է ադրբեջանական ամբողջ բանակի ողջ ծանրությունը գցել Սյունիքի ու Վայոց Ձորի վրա և դրանք դնել ուղիղ հարվածի տակ: Արցախում զորք պահելով մենք կանխում ենք Սյունիքի ու Վայոց Ձորի դեմ ուղիղ հարձակումը: Ինչու՞, ասեմ: Եթե ուշադիր նայենք այս քարտեզին, ապա կտեսնենք, որ կանաչով նշված հատվածի ազերիները փաստացի 99 տոկոսով ձմռանը, իսկ 80 տոկոսով մյուս եղանակներին, գտնվում են մեր դեղին օղակի մեջ: Այդ դեպքում քարվաճառի ու Լաչինի ազատագրումը դառնում է շատ ավելի հեշտ հետագայի համար, հատկապես ձմռան ամիսներին: Ստացվում է, որ Լաչինի ռուսական զորքը, ապահովում է ավելի շուտ ոչ թե հայկական ելումուտը դեպի Արցախ, այլ ապահովում է ադրբեջանական զինուժի ու տեխնիկայի տեղաշարժը Ղուբաթլուից դեպի Քարվաճառ, հատկապես ձմռանը, երբ Մռավի լեռներն անանցանելի են: Այսինքն արցախում եմնք ոչ միայն չպիտի նվազեցնենք մեր զորքի քանակը, այլև պիտի այն փոխարինենք պրոֆեսիոնալ ստորաբաժանումներով, մարզված հատուկ ջոկատայիններով ու պայմանագրայիններով: Իրականում թշնամու լիակատար հսկողության տակ են միայն Արցախի հարավային ու արևելյան հարթավայրերը, իսկ Շուշին ու Հադրութը ազերիները պահանջեցին՝ որպես այդ հարթավայրերը պահելու երաշխիքներ: Վստահ եմ, որ ճկուն դիվանագիտությամբ կարելի է Շուշին ու Հադրութը վերադարձնել, որից հետո թշնամին այլևս շատ մեծ դժվարությամբ է պահելու մնացած բոլոր շրջանները: Ասածս այն է, որ Քարվաճառի ու Լաչինի շրջանների շուրջ հայկական օղակը պիտի առավելագույնս սեղմվի, պիտի դիրքերն ամրացվեն, պիտի ամուր դիտակետեր ու պաշտպանական կառույցներ հիմնվեն՝ հարմար առիթը օգտագործել կարողանալու համար:
Իսկ Արցախում ՀՀ զինուժի քանակի նվազեցման դեպքում ադրբեջանական օղակն է սեղմվելու և՛ Արցախի, և՛ Սյունիքի, և ՛ Վայող Ձորի շուրջը: Արդյունքում գալու է մի պահ, որ ուզենք չուզենք Արցախում թշնամուն չենք կարողանալու դիմադրել ու ստիպված մնացած ամբողջ տարածքն էլ է անցնելու ազերիների հսկողության տակ: Իսկ դա նշանակում է Սյունիքի ու Վայոց Ձորի լիակատար շրջափակում, նոր պատերազմ, նոր կորուստներ, չի բացառվում նաև Մեղրիի կորուստ: Արդյունքում Երևանին տիրելու Ալիևի ախորժակն ավելի է մեծանալու: Իսկ այդ ախորժակը փակելու միակ տարբերակը Արցախում էլ ավելի ամրանալն է, էլ ավելի մեծ զորք կուտակելն է, ավելի պրոֆեսիոնալ, ավելի մարտունակ: 4 տարի ժամանակ ունենք ամենաշատը: Պետք է գործել:
Հասկանալի է, որ զոհեր ու վիրավորներ տալուց հետո շատերիս մեջ կորստի ցավը շատ բան է փոխել, սակայն ինչպես ժամանակն է ցույց տալիս, եթե քո ազատության համար չես կռվում, կռվում ես օտարի ազատության ու անկախության համար, ընդ որում 2-րդ դեպքում միշտ տալիս ես ավելի շատ զոհ, քան քո ազատության համար կռվելիս: Կոնկրետ օրինակ բերեմ: 1941-1945թթ ԽՍՀՄ տարածքում ապրող բոլոր հայերից բռնի ուժով հավաքագրվեց 600 000 զինվոր: Որից առնվազն 250 000 զոհվեցին 4 տարվա ընթացքում: 1941թ-ին Սովետական Հայաստանն ուներ 1.5 միլիոն բնակչությունից, որից զորակոչվեցին 450 000-ը: հաշվել եմ, որ եթե սովետական Հայաստանի 1.5 միլիոն բնակչությունից հանենք կանանց, որ առնվազն 800 000 են եղել, հանենք երեխաներին ու ծերերին, որ կազմում են երկրի բնակչության 10-15 տոկոսը, հանենք հաշմանդամներին, 5-10 տոկոս, հանենք պետական այն աշխատողներին, որոնց չէին կարող զորակոչել,5 տոկոսի չափ, ապա կստացվի որ սովետական Հայաստանի 1.5 միլիոն բնակչությունից զորակոչվելու ունակ էր մոտ 550 000 հոգի, որից 450 000 հոգուն Ստալինի հրամանով զորակոչեցին: Հասկանու՞մ եք, գրեթե բոլորին տարել են Սովետը պաշտպանելու: 4 տարին ունի մոտ 1500 օր, այդ 4 տարվա մեջ հայ ազգը տվել է 250 000-300 000 զոհ: Ստացում է որ 4 տարի անընդհատ ամեն օր տվել ենք մոտ 200 զոհ 300 000/ 1500 : 1500 օր, ամեն օր 200 զոհ, հասկանու՞մ եք դա ինչ է: Իսկ մեր հայրենիքը պաշտպանելիս զորակոչվեց ու կռվեց ամենաշատը 100 000 հայ, որից զոհվեցին մոտ 4000 հոգի, 44 օրում: Այսինքն 44 օր մենք տվել ենք օրը մոտ 100 զոհ: Փառք, պատիվ ու խոնարհում Հայաստանի սուրբ զոհերին:
Նրանցով ենք այս հողին անունը Հայաստան պահել: Եթե պետք լինի էլի պիտի կռվենք ու էլի պիտի զոհվենք ու էլի հայ ազգը փյունիկի պես կհառնի մոխրիներից, բայց արդեն իր սեփական ազատության համար մղված պատերազմի հետևանքով գոյացած մոխիրներից, այլ ոչ օտարի: Փա՛ռք հայոց բանակին, փա՛ռք զոհված ու ողջ մեր հերոսներին ,փա՛ռք մեր սուրբ քաջ նախնիներին, ում արժանի հետնորդը լինելու պարտավորությունն ու պատիվն ունենք: Պետք է զինվել, մարզվել, լցվել վրեժի ծարավով և պատրաստվել հաջորդ պատերազմին: