Երբ մեկ տարի առաջ Արցախում նախագահական ընտրություններ էին ու կազմավորվում էր կառավարություն, մենք, կոնկրետ ես՝ ունեի իմ նախապատվություններն ու անցանկալի թեկնածուներին, որոնք չէին համընկնում ոչ Արցախի մեծամասնության, ոչ էլ անգամ Հայաստանի իշխանությունների համակրանքների հետ։ Իմ նախապատվությունները նաև Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի կողմը չեն եղել։ Բայց հարգել ենք արցախցու ընտրությունը, այն ճանաչել ու շնորհավորել։ Արցախում մի խումբ այսօր բողոքի ակցիա է արել այն բանի համար, թե ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը շնորհավորել Հայաստանի ընտրություններում հաղթած ՔՊ-ին։
Հարգելի արցախցիներ, դուք պարտավոր եք հարգել մեր/ձեր ժողովրդի ընտրությունը, ինչը և արել է Արայիկ Հարությունյանը՝ այդ ընտրությունը ձեզ կամ ինձ դուր է գալիս, թե ոչ։ Ինչպես մենք ենք շատ գերզգայուն Արցախում կատարվող ցանկացած գործընթացի գնահատական տալիս, այդպես էլ դուք պետք է վարվեք, առավել ևս երբ դա մեր ժողովրդի այս հատվածի կամքի մասին է, որովհետև մեր և ձեր նախկին նախագահների շնորհիվ մենք ցավոք դե յուրե մեկ միացյալ պետություն չենք /հուսով եմ՝ ասածս ճիշտ կհասկացվի, մանավանդ որ ես այդ Արցախի դե յուրե ճանաչում+Հայաստանի հետ վերամիավորման կողմնակիցներից եմ եղել/։
Առայժմ այս իրավիճակում փոխադարձ զգայունակությունները ճիշտ չհաշվարկելը խնդիրներ է բերելու, որոնք ոչ Հայաստանին, ոչ Արցախին, ոչ հայ ժողովրդին լավ բան խոստանալ չեն կարող։ Ձեր դժգոհությունները տեղական իշխանությունից ցանկացած խնդրով կարող եք, իրավունք ունեք արտահայտել ցանկացած կերպ ու ժամանակ, բայց առանց շոշափելու հայ ժողովրդի արդեն իսկ արտահայտած ու ամրագրված կամքը։ Ինքներդ ձեր պահվածքով ապացուցեք, որ ժողովրդի կամաարտահայտությունը անբեկանելի է, ճանաչելի է, ինչպես որ Արցախի ժողովրդի անկախացման կամաարտահայտությունն ենք համարել ու համարում անբեկանելի։
Որևէ մեկը չհամարձակվի գրառման տակ որևէ հատվածին հակա- տեսակետներ գրել։ Պահանջում եմ։
