Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար և որ քայլերը կարող են ավելի արդյունավետ դարձնել նրանց վերադարձին միտված աշխատանքըգ թեման այսօր քննարկել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նրանք համոզված են, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է, քան ներկայացվում է, կարծում են՝ պետք է ավելացնել ջանքերը միջազգային բոլոր հարթակներում Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ, համոզված են՝ շինծու դատավարությունների համար Բաքուն պատասխանատվություն կրելու է։

«Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» տրամաբանությամբ ագրեսոր երկիրը միջազգային հարթակներում ակտիվորեն տարածում է այն թեզը, թե հայկական կողմն ահաբեկիչ է՝ գլխիվայր շուռ տալով իրականությունը։ Խծաբերդի դեպքը ներկայացվում է խայտառակ խեղաթյուրումներով ու պնդումներով, թե հայ գերիները ահաբեկիչներ են։ Սա ասում է այն երկիրը, որը սկսել է պատերազմը, կիրառել արգելված զինատեսակներ, խոշտանգումների ենթարկել հայ գերիներին, ինքը ներգրավել ահաբեկիչներ Սիրիայից, ինչը հաստատել է նաև միջազգային հանրությունը։

Օրերս 15 հայ ռազմագերի Ադրբեջանից վերադարձավ Հայաստան։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ այս պահին հաստատված է 45 հոգու մասին տեղեկությունը, բայց գերիների իրական թիվն ավելի մեծ էգ կան տեսագրություններ և վերադարձածների կողմից հաստատումներ, որ անհետ կորած համարվողներից ոմանք Բաքվում են։

«Մեր տեղեկություններով էլ, նաև եկածները պատմում են, որ այդ մարդկանց տեսել են Բաքվում՝ գերության մեջ։ Այդ գործերում մենք պետք է շարունակենք հետեւողական լինել, քանի որ իրենք հաստատ կփորձեն թաքցնել գերիների իրական թիվը՝ գուցե փորձելով շատ դեպքերում թաքցնել նաև իրենց պատերազմական հանցագործությունները, քանի որ, ցավոք, գուցե նրանք արդեն սպանված լինեն»։

Գերիների իրական թիվն իմանալու համար պետք է միջազգային ճնշումն ուժեղացնելու այլ միջոցներ գտնել՝ հուշում է Եղիշե Կիրակոսյանը։ ՄԻՊ Արման Թաթոյանը նույնպես համոզված է, որ հայ գերիների թիվն իրականում ավելի մեծ է։ Եթե այդ թիվը հստակեցվեր ժամանակին, ապա դրա ուղիղ պատասխա-նատվությունը կկրեր Բաքուն՝ ասում է օմբուդսմենը։

«Այո, ես միջազգային կառույցներին ներկայացրել եմ ապացույցներ, որ գերիները շատ ավելի շատ են Բաքում , քան ներկայացվում է, և ցավոք կան սպանվածներ։ Մնում են այն կարծիքին, որ պետությունը պետք է թիվ հրապարակեր, որպեսզի այդ անձանց վերաբերյալ պատասխանատվությունը մնար Ադրբեջանի վրա»։
Բաքուն գերիների իրական թիվը կոծկում է, խայտառակ դատավարություններ իրականացնում ու քաղաքական օգուտներ ստանում ՝ կարծում է ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ Բաքվում կարծում են, որ հայկական կողմը չի կարողանա հիմնավորել խոշտանգումների ենթարկվածների, սպանվածների թիվը, սակայն կան ապացույցներ՝ ասում է փաստաբանը ու վստահեցնում, որ Ադրբեջանը կրելու է իր պատասխանատվությունը։

«Դատավարությունները բեմականացված են, և դրանց հիմնական սպառողը միջազգային հանրությունն է։ Բաքուն փորձում է հիմնավորել այն թեզը, որ եթե ռազմագերին տարիքով մեծ է, ուրեմն ենթադրաբար կարող է արցախյան առաջին պատերազմին մասնակցած լինել և նրանց որպես ահաբեկիչներ է ներկայացնում միջազգային հանրությանը ու կյանքի սպառնալիքների տակ՝ ցուցմունքներ վերցվում»։

Հայաստանը երկու միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի և ընդդեմ Թուրքիայի, ինչը Սիրանուշ Սահակյանը խիզախ գործելաոճ է որակում, քանի որ ՀՀ-ն երբեք միջպետական գանգատ չի ներկայացրել։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ պնդում է, որ Հայաստանը Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ու ռազմագերիների հարցով իրականությունը պետք է ներկայացնի միջազգային տարբեր հարթակներում՝ օրինակ ՄԱԿ-ում, քանի որ Ադրբեջանն ակտիվ աշխատում է այդ կառույցում։

«Հարցն այլ հարթակներում ու կառույցներում նաեւ պետք է բարձրացնենք։ Չպետք է բավարարվենք միայն ՄԻԵԴ-ով»։

Վերջում խորհուրդ ՄԻՊ-ից՝ հարցազրույցները գերիների հետ այս փուլում չեն խրախուսվում։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *