ԳՐԵՑ՝ Ռուբէն Յովակիմեան

«Դէպի արեւն էին գնում
ամբոխները խելագարուած»:
Եղիշէ Չարենց

Օրհասական ժամանակներ ենք ապրում: Չնայած ՍԴ-ն փակեց ընտրական ենթադրեալ խախտումների յարուցած բողոքների ծրարը՝ անփոփոխ թողնելով ՀԸԿ-ի նախնական որոշումները, այսուհանդերձ կրքերը դեռ չեն հանդարտուել եւ հպարտանալու տեղ եւս շատ չկայ, քանզի ներքաղաքական ճղճիմ ու ցածրորակ խնդիրները ոչ միայն մնացին չլուծուած, այլեւ ընդդիմադիր փրկարարները խորհրդարանում աթոռ ապահովելով խոստանում են այն դարձնել նոր տեսակի քաղաքական դժոխք, որի նմանը տեսանք Թուրքիոյ, Ուկրաինայի եւ այլ երկրների խորհրդարաններում՝ մինչեւ ծեծկռտուք եւ զինուած բախումներ:
Չնայած բացարձակ մեծամասնութեան առկայութեանը՝ իշխանութեան պատգամաւորները այլեւս հանգիստ մնալու առիթ չեն ունենայ: Այդ է ընդդիմադիրների նպատակը, որ բացէիբաց յայտարարում են այն աստիճան, որ նախորդ բարգաւաճական աղմկարարների փոխարէն կը գտնենք նորածիլ կերբերոսներ, մինչդեռ ոչ մէկ կառուցողական բառ չի հնչում, թէ պատերազմի ծանր անդառնալի կորուստներից յետոյ ի՞նչ սպեղանի կարելի է գտնել բարոյական եւ իրական վէրքերը բուժելու: Հայրենի քաղաքական դաշտի մտային ոլորտում նման հոգատար գիտակցութիւնը բացակայ է: Փաստը առկայ է, որ ընտրուած երկու դաշինքների ղեկավարները մեր նախկին նախագահներն են, որոնց տաղանդն ու հունարները քսան տարի քաշեցինք եւ ունենք դէպի անկում գնացող երկիր:
Միթէ սրա՞ն էր արժանի ՀԱՅԸ, որ դարեր շարունակ «երկիր դրախտավայր» է երազել եւ այսօր չգիտենք, թէ ԴԷՊԻ Ո՞ՒՐ պիտի գնանք՝ մեր ինքնութիւնը գտնելու եւ պատուարժան դիրք ունենալու համար: Անկեղծօրէն՝ ամօթի խորին զգացումով եմ անդրադառնում երկրի փրկիչների այն ոհմակի դրուագին, որ փողոց էին փակում՝ առաջարկելով մի խեղկատակ խրտուիլակի ժամանակաւոր վարչապետի աթոռին: Այժմ նոյն անձանց պիտի տեսնենք խորհրդարանի նստարանների վրայ բազմած: Ողբալի է, բայցգգգայս է մեր երկիրը:
Լրջօրէն լրջանալու զանգը վաղուց է հնչել եւ այդ պահանջը կիրառելի է բոլորի համար: Շարքային քաղաքացիներից մինչեւ վարչապետ կամ ընդդիմադիր, պաշտօնեայ կամ մտաւորական պարտաւոր են անընդհատ երկրի բարեկեցութեան հոգսի մի քանի տոկոսի չափ յանձնառու լինել՝ իւրաքանչիւրը իր կարողութեան եւ զբաղեցրած դիրքի համեմատ: Երկիրը նախագահներին կամ վարչապետներին չի պատկանում, այն սերնդէ-սերունդ ժողովրդի տնօրինութեան ներքոյ է՝ հուսկ արդի բոլոր քայլերը պիտի ներդաշնակօրէն լինեն համապատասխան անմիջական եւ հեռաւոր ապագայի պահանջներին:
Մեր հայրենակից Նուբար Աֆէյեանը զրոյցի ընթացքին խորիմաստ միտք արտայայտեց՝ շեշտելով, որ մօր հետ զաւակի տագնապի պարագային անհրաժեշտ է նախ մօր փրկութեամբ զբաղուել եւ յետոյ զաւակի, որովհետեւ մայրը կազդուրուելով կ՝օգնի զաւակին, մինչդեռ հակառակը անհնար է: Նոյն վիճակի չէ՞ մեր երկիրը ՝ հաշուի առնելով մեր դրացիների ախորժակն ու նպատակները: Արդի պայմաններում, գուցէ մեզ անծանօթ եւ անհասանելի պատճառներով, այն տպաւորութիւնն է ստեղծւում, թէ շատ հարցեր իրենց յատուկ առաջնահերթութեան չեն արժանանում եւ ինչ-որ բարձի-թողի կարգի են դասուել:
Հեռու եմ չարախօսութեան նմանուող մտքից ու կարծիքից, բայց ինչի է նման անցած երեք տարիների ընթացքին տղայական քինախնդրութեան նմանուող կալանքի ու հիւանդանալու գործարքները նախագահներից սկսած մինչեւ մանկապիղծ բժշկապետը, որոնցից միակ տուժող եղաւ գեներալ Մանուելը՝ իր մահկանացուն կնքելով:
Մինչդեռ մեր վերապրելու հիմնական պայմանը յաջորդ յարձակումներին դիմագրաւելու համար, որ ցնորք չէ, պէտք է վերազինուենք որի համար փող է անհրաժեշտ, իսկ այն նախկինների մօտ է՝ վարպետօրէն քօղարկուած: Նորընտիր իշխանութիւնը ամէն ճիգ գործածելու է վերադարձնել այդ գողօնը եւ բանակը վերակազմել անհրաժեշտ քանակի ռուսական կամ ֆրանսական կործանիչ օդանաւերով, ինչպէս նաեւ թուրք բայրաքթարին համազօր անօդաչու սարքերով եւ ինչու չէ ոտքի դնել նրանց արտադրութիւնը մեր երկրում եւ նման տարբեր այլ արտադրանք, որ պիտի ընտրուի միայն եւ միայն ապագայի պահանջով: Գաղտնիք չէ, որ լրջօրէն կազմակերպուած երկրները արդի խնդիրները լուծում են ապագայի հիմունքներով, եթէ ոչ, ճղճիմ խնդիրների պակաս չկայ որեւէ երկրում, որին աւելացնելու է մեր անառողջ ընդդիմութեան ներկայութիւնը:
Անկարելի է զանց առնել երկիր-սփիւռք կապերի սխալ եւ անբաւարար որակը: Շատերն են փորձել այդ առեղծուածի յարմար պատասխանը գտնել, բայց այն անհնար է թւում, քանզի նախ սփիւռքը համասեռ չէ եւ մօտեցումները լինում են հիմնականում օգնութիւն բերելու միտումով, որ յաճախ մուրացկանութեան է նմանւում եւ ոչ անկեղծ փոխադարձ շահաւէտ համագործակցութեան: Յաճախ ենք լսում տարբեր պատասխանատու անձանց՝ ընդհուպ վարչապետի կողմից, թէ եկէք, ներդրումների համար մեր երկիրը ազատ է: Այո, բայց բացակայ են կարճաժամկէտ եւ հեռաւոր ապագայի համար սպասուող ակնկալիքները: Ոչ մէկ գործարար աւազի վրայ տուն չի կառուցի, ուստի իմ կարծիքով՝ պէտք է վերջ տալ բարեգործութիւններին, այլ մասնակից լինել պետութեան հետ ծրագրուած առնուազն 10-20-ամեայ ներդրումներին՝ ի հարկ է զանց չառնելով մեծ ու փոքր ընթացիկ խնդիրները:
Մի պարզ օրինակ: Այսօր միջազգային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գները բազմապատիկ աճել են, իսկ մերոնք դեռեւս մնացել են հումք արտահանելու դերում չնչին գումարով, բայց քանի, որ Քաջարանի հանքերի տնօրէնը եւ բաժնետէր անդամները, որոնց շարքին նաեւ քոչի ընտանիքը, բաւարար են համարում թանկարժէք մեքենայ ունենալը՝ մտքերով չի անցնում կառուցել մաքուր պղինձ եւ մոլիբդեն արտադրելու գործարան, որ մեծ ներդրում է պահանջում եւ իրենք այդ մտայնութիւնից թերեւս զուրկ են եւ եղած վիճակը մնում է անփոփոխ, իսկ եթէ պետութիւնը իր մասնակցութեամբ դիմի հայազգի մեծ կամ միջին գործարարների՝ բոլորը շահաւէտ կը լինեն: Եթէ ապագայի միացեալ նպատակ չկայ եւ երկու կողմերը չեն համագործակցում՝ մնալով օրուայ խնդիրների մակարդակին, մէկ ազգ մէկ երկիր կոչը մնում է լոզունգ, իսկ ՀԲԸՄ-ի ատենապետը շքանշաններ է ստանում:

23-7-21
Ռուբէն Յովակիմեան – Սեն Ռաֆայել

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *