Սարգիսին
Սեդրակին
Արային
Սիմոնին
Վաչեին
Սա սրտերի հինգանկյուն է
Եվ փռված է
Աշխարհագիր մի խժդժված տարածքում,
Որ սրբազան հայրենիք է եղել սուրբ,
Շաղախվել է զավակների սուրբ արյամբ,
Զավակաթափ, հայրենաթափ, հայաթափ.
Այժմ ժահում է մի ողջ ազգի
Ցեղասպանությամբ անթաղ
Դիակների, դիակների նեխությամբ…
Հինգ թեվանի մի ոգի է սրտաչափ,
Բռունցքաչափ,
Որ ճեղքել է
Դավակցության լռությունը ապերախտ,
Մխրճվել է երկնի սիրտը,
Քամելու մի ճիթ արցունք,
Ի դիմաց այն հորդ ու հեղեղ արյունի,
Որ թափվեց ու մկրտեց հողն հայրենի
Հայրերի ու մայրերի ալ արյունով,
Որդիների ու դուստրերի արյունով,
Եվ մի ամբողջ սերնդի տաք արյունով,
Որ չողջունեց արեվին իր ծնունդով։
Լիսաբոնի հինգակոտոր հուր աստղունք,
Որ պայթյունն է
Հինգապատիկ նույն սրտի
Ու սրտերի,
Մեր սրտերի,
Ամբողջական մի ազգության սրտերի
Մեկ սիրտ դառած հինգ սրտի…
Ու որոտը,
Արձագանքի հույժ դղիրդը սիրտ ճեղքող
Այն պայթյունի,
Որ որոտաց մեր հանուրիս սրտերում,
Արձագանքում է դեռեվս, տակավին
Անթաղ նահատակների սուրբ կույտերում
Զավակաթափ, հայրենաթափ, հայաթափ
Հայրենիքում ազգաթափ,
Որ դամբարան է հիմա,
Լոկ դամբարան անցյալների բնօրրան
Հայրենիքի, հայրենիքի խժդժված…
Կամավոր ու անձնազոհ հինգ ոգիներ,
Որ ինքնավառ բոցերում
Մատաղեցին հինգ սրտեր,
Մեկ սիրտ եղած՝ հինգ սրտեր,
Խարանեցին մեծ լռության դավակից
Բոլոր անսիրտ մարդերին,
Շեղբեցին ճեղք խոստովանքի
Համաշխարհային ցոլքով։
Հինգաբռունցք մեկ խոյանք,
Որ ռումբ դառած վառել է մեր սրտերում
Սուրբ պահանջի հրիտակը ազգային,
Շիրիմելու նահատակներին մեր սուրբ
Սրբագործյալ հայրենիքում խժդժված։