«Մենք անցել ենք արեան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դէմ ենք արել
Մրրիկներին հակառակ»։
Յով. Թումանեան

ԳՐԵՑ՝ Ռուբէն Յովակիմեան


Ասում են, թէ մարդու ուղեղը նման է հրաբխի խառնարանի, որտեղ կարելի է գտնել ամէն տեսակի արժէքաւոր գաղափարներ, ինչպէս նաեւ աղբանոց նետելիքներ, որոնց ծնունդն ու չքացումը լինում է անսպասելի, որեւէ ժամի եւ որեւէ տեղ, եւ նրանք կարող են լինել ինչպէս անհանգստացնող, այնպէս էլ ոգեւորիչ, նոյնիսկ լուսաւոր՝ թէկուզ երբեմն անվայել, նոյնիսկ ամօթալի, անձի իմացականութեան, կենցաղի ու կարիքի համեմատ: Թերեւս ինչպէս շատերին է պատահում ինձ մօտ նման մտային ժայթքումներ լինում են, երբ կարդում կամ դիտում եմ հայրենի մամուլը:
-Մեքենայի համարանիշի առիթով, ընդամէնը մի քանի օր առաջ, մեծ խառնաշփոթ էր առաջացել: Պատկան մարմինները տառատեսակը եւ գրելաձեւը փոխելու միտք են ունեցել, թերեւս աւելի ընթեռնելի լինելու համար եւ նրա ձեռքբերումը եւ կարեւորագոյնը՝ այն գողանալուց պաշտպանելը դարձել է խնդիրների խնդիրը: Կա՞յ ուրիշ տեղ ո՛ւր մեքենայի համարանիշը մոլութիւն եւ կուռք դառնայ եւ լինի պետական մակարդակի խնդիր, երբ բազում են լուծման սպասողները:
-Քոչը, որ ամէն առիթով բարձրաձայնում է ի «վերուց» երկրի միակ փրկիչ եւ ճակատագրական լինելու իր դերը, ապա տասը տարի պարապ-սարապ ինչո՞ւ մի անգամ չգնաց Արցախ օգտակար լինէր իր օրրանի բազում խնդիրներին, եթէ ոչ դրամով՝ գոնէ փորձառութեամբ:
-Բնակչութեան մեծամասնութիւնը կողմնակից է խօսքի ազատութեանը կամ բողոքի ցոյցերին, միայն թէ նրանք լինեն բովանդակալից եւ յաւուր պատշաճի եւ համընկնեն շատերի կարծիքին՝ լինի ձայն բազմաց: Ինչի՞ էր նման, ի՞նչն էր նպատակը կամ ինչի՞ ծառայեց դեղնակտուց կուսակցական երիտասարդ այն խմբի բողոքը, որ կազմակերպել էին ԵՄ գլխաւոր պատասխա-նատու Ժան Միշելի Երեւան այցի ընթացքին, երբ նա եկել էր տեղի վրայ ծանօթանալու տիրող վիճակին եւ ծանուցելու Հայաստանին- 2,6 միլիարդ եւրօ օժանդակու-թիւն յատկացնելու մասին: Եթէ այդ ցոյցը կազմակերպող-ները երկար մտածելու վարժ չեն իրենց առած քայլերի համար, եթէ չասենք, թէ տհաս են ու խակ, ապա ո՞ւր էին ճամարտակի հմուտ նրանց աւագ ընկերները եւ թերեւս նրանք ե՞ն ուղղորդել: Տիրոջ ուղիները անտեսանելի են:
-Մեր առջեւ ծառացած բազում հրատապ խնդիրների շարքին կարեւոր առաջնահերթ տեղ է գրաւում ազգագրական (dռmographique) անկումի ցաւոտ ու կենսական հարցը, որ հետեւանք է՝ նախ հայ կանանց «Ծուլութեան», որ չեն ցանկանում մէկ կամ երկու զաւակից աւելի ունենալ, երբեմն պատճառ բերելով տնտեսական դժուար կացութիւնը, որ յաճախ սխալ չէ, որի կողքին չմոռանանք արտագաղթը, որ նման է անբուժելի արիւնահոսութեան, որի դէմ ներգաղթ կազմակերպելը քիչ յուսալի է, մինչդեռ եթէ ծննդաբերումը քաջալերուի շահաւէտ խոշոր միանուագ կամ մի քանի տարի շարունակ դրամական նպաստով, երեք եւ աւելի երեխայ ունենալու պարագային, գուցէ, իսկ իմ կարծիքով ստո՛յգ՝ մտայնութեան փոփոխութիւն տեղի կ՝ունենայ: Որպէս օրինակ կարելի է յիշեցնել, որ աֆրիկեան բնակչութեան գաղթի հիմնական նպատակը դէպի Ֆրանսիա պայմանաւորուած է բազմազաւակների նպաստից օգտուելը, որ երբեմն աւելի քան երեք զաւակով ծնողը այլեւս աշխատանք չի փնտրում, եթէ մի փոքր ժուժկալ է: Բայց հարցի միւս կողմը այն է, թէ ո՞ւր գտնել այդ գումարը, որ չնչին չէ: Կարծում եմ լաւագոյն աղբիւրներից մէկը՝ մեզանից գողացուած՝ նախկինների կուտակած գողօնն է, որ ըստ շրջանառութեան մէջ եղած լուրերի մի քանի տասնեակ միլիարդ դոլարի է հասնում, որին կարելի է աւելացնել բոլոր հանքավայրերի ազգայնացումը՝ նուազագոյնը յիսուն տոկոսով եւ այդ բոլորը ի մի բերելով հնարաւոր կը լինի սերունդ աճեցնել ի զարգացումն մեր բնակչութեան եւ նոր սպառազինու-թեան ձեռքբերումին: Գիտակից ենք, որ նման ձեռնարկ մէկ օրուայ գործ չէ եւ մեծ ճիգ ու եռանդ է պահանջում քաղաքական կամքի հետ միասին եւ յօդուած գրելով չէ որ կարող է կեանքի կոչուել:
-Եկեղեցաշինութեան բնագաւառում մեր երկիրը ոչ ոքից ետ չի մնացել դարերի ընթացքին, բայց մեր հոգեւոր հայրերը արդի քաղաքական բարդ ու խճճուած պայմաններում չկարողացան դիմադրել որոշ գայթակղիչ պայմանների ու իրենց չէզոք մնալու ուխտը դրժեցին, եւ ինչ որ քաղաքական հոսանքներին հաճելի լինելու համար երկու կաթողիկոսները իրենց բարձրաստիճան դիրքը անտեսելով դիմում էին վարչապետին հրաժարական տալ: Ոգեւորուած իրենց վերադասի քայլերից՝ զօրաշարժի էր ենթարկուել հոգեւոր ստորադասը, որոնցից ակնառու դիրք ունեցան Շիրակի առաջնորդ Միքայել արքգ Աջապահեանը, որ իր կարգին ու դիրքին անվայել ձեւով այցի եկած վարչապետին դուրս դրեց եկեղեցուց, որի դռները բաց պիտի լինեն բոլորի առջեւ: Այդքանը քիչ համարելով ընտրութիւնների աւարտին համարձակուեց այդ խաղաղութեան քարոզիչը գրաւոր՝ մեր երկիրը անուանել Էրմենիստան: Ո՞վ է այդ ճիւաղը, ի՞նչ միջավայրում է մեծացել եւ ուսանել «արք»-ի կարգ ունենալու, ո՞րն է նրա ուխտը՝ աւելի ստոր եւ պիղծ անհնար է: Իր մատուցած ծառայութիւնների դիմաց այդ ճիւաղը մեծ փառքով ընդունելութեան է արժանանում Նիւ Եորքի շքեղ սրահներից մէկի մէջ Պերճ Սեդրակեանի կողմից: Նման զնման իւր գտանէ:
Նոյնքան նողկալի պարսկահայ գաղութից Սեպուհ արք. Սարգսեանը, ում հարցազրոյցը, «Յուսաբեր»-ի մէջ յագեցած էր գռեհիկ գաղափարներով, այլեւ բացայայտ էր, որ խօսողը աւելի հարց տուողն էր քան ինքը: Ինչն էր ստիպում , որ այդ կարգի անձը ենթարկուի հրահանգի եւ իր սքեմին արժանի դիրք չպահպանի: Իրենց պաշտօնից թերացող բոլորին յիշել անհնար է եւ տեղին եւս չէ միայն թէ անհնար է չնշել դիւանապետ Արշակ եպգ Խաչատրեանին, որ իր ելոյթներով ու յօդուածներով պատերազմ էր յայտարարել հայ իրականութեանը:
Կարելի է եզրակացնել, որ հայոց հոգեւոր ոլորտի վիճակը շատ աւելի կասկածելի ու տարօրինակ է քան այդքան քննադատուած պետական համակարգը, երբ բազմիցս կրկնուեց նրա ապիկարութիւնն ու կացութեանը չտիրապետելը: Անկարելի է հարց չտալ, թէ ընտրութեան ելքը գիտենալով ինչ որոշումներ պիտի առնեն կաթողիկոսները իրենց եւ ստորադասների անվայել վերաբերումի համար եւ արդեօք լռութեան գիրկը պիտի նետե՞ն , քանզի մեղսակից ենգգգ մեղա՜յ- մեղա՜յ, զանց չառնելով որ այս օրերին մեծ շուքով պիտի նշուի Արամ Ա-ի ընտրութեան 25-ամեայ տարեդարձը:
Ցաւալի է եւ ստոյգ, որ շատ շտկելիք բան կայ մեր երկրում եւ սփիւռքի տարածքում, բայց յայտնի չէ, թէ ե՞րբ եւ ինչպէ՞ս:

27-7-21
Ռուբէն Յովակիմեան- Սեն Ռաֆայել

ԳՐԵՑ՝ Ռուբէն Յովակիմեան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *