Փարիզից Հայաստան վերադառնալու նպատակն աշխատանքն էր։ Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Ժիրայր Բաբազյանը եկավ մի գործով, մյուս գործերը շղթայվեցին մեկը մյուսի հետևից։ Եվ մնաց ավելի երկար, քան կարծում էր։ Արդեն 4 տարի է՝ Հայաստանում է։ Վերջերս էլ տեղի ունեցավ «Օպերային խճանկար» խորագրով բեմականացված համերգը, որին մեծ ոգևորությամբ էր պատրաստվել։
«Սա նաև շատ հոյակապ առիթ է՝ ծանոթանալու մեր նոր սերնդին, շատ տաղանդավոր են, բարձրագույն մակարդակի վրա են, ու որոշել են 9 հատվածներ կատարել միջազգային օպերաներից։ 3 բեմադրիչ են հրավիրել, որոնցից մեկը ես եմ», – պատմեց Բաբազյանը։
Թատրոնից՝ օպերա, օպերայից՝ թատրոն. այս անցումը Ժիրայր Բաբազյանի ստեղծագործական կյանքում միշտ կա։ Ասում է՝ տարբերություններն ու նմանություններն էլ միայն լրացնում են իրար.
«Ես, նույնիսկ, մեկ-մեկ երկու կողմերին էլ ասում եմ, դերասաններին ասում եմ՝ մի քիչ օպերային եգիչներից սովորեք՝ ինչպես ձայնը հասցնել դահլիճ առանց գոռալու, կամ օպերային երգիչներին ասում եմ՝ սովորեք դերասաններից, թե ինչպես են շարժվում, այդ բոլորն իրար հետ պետք է մերվեն», – ասում է ֆրանսահայը։
Ժիրայր Բաբազյանը նաև շարունակում է ֆիլմերում հանդես գալ որպես դերասան։ Այս ընթացքում նկարահանվել է Միքայել Պողոսյանի ֆիլմում, առաջիկայում ևս մեկ հայկական ֆիլմում կնկարահանվի։ Նրա խոսքով՝ Հայաստանում իր հիմնական աշխատանքին ավելացել է մեկ առաքելություն՝ նոր սերնդի հետ աշխատանքը.
«Այդ նոր սերունդը իմ մեջ խանդավառություն է առաջացնում, որ գոնե քո կյանքում մի բան ես անում, տալիս, որը օգտակար կլինի, միայն քո մասին չես մտածում, որ դու լավ լինես, այլ ուրիշին փոխանցելու զգացողությունը կա», – ասում է նա։
Ֆրանսահայ ռեժիսորի ներկայիս մտահոգու-թյունը Հայաստանում մշակույթի ֆինանսավորումն է։ Նրա կարծիքով՝ հատկապես թատրոնը կարիք ունի մեծ աջակցության, որի համար պետք է ավելի շատ ֆինանսավորում տրամադրել։ Մյուս կողմից՝ ասում է՝ Ֆրանսիական թեթևությունն է պակասում հայ թատրոնին, ինչն էլ հիմա փորձում է փոխանցել ոլորտի սկսնակ ներկայացուցիչներին։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *