ԳՐԵՑ՝ Ռուբէն Յովակիմեան


«Պետութեան մէջ կան ծոյլ եւ անբաններ,
որ նման են փեթակի բոռերին, որոնք
խժռում են աշխատող մեղուների մեղրը»:
Սերվանտէս


Կը յիշեմ, մեծ պատերազմի տարիներին մեր քաղաքի փողոցները ծածկուած էին խոշոր պաստառներով՝ «ՄԻ՛ ՄՈՌԱՑԷՔ, ԹՇՆԱՄԻՆ ՔՆԱԾ ՉԷ»: Այսօր կ՝ասէի, որ ոչ միայն քնած չէ, այլ մեզ կլանելու դարաւոր ախորժակը դեռ մնում է գրգռուած եւ առիթ է փնտրում այն յագեցնելու: Այդ չարիքին դիմակայելու գոյութիւն ունեցող միջոցը մեր սթափ լինելն է ամէն ինչ, բանակի հզօրութիւնը բազմապատիկ զարգացնելու ուղղութեամբ տրամադրելը եւ չանտեսել ներքին թշնամուն:
Տասնամեակներ ի վեր մեր պետական գործիչները տուն-տունիկ են խաղացել, իրենց անձի եւ շրջապատի բարեկեցութեան համար եւ քաղաքական տհասութեամբ մոռացել կամ արհամարհել են երկրի կենսական խնդիրները եւ այժմ ունենք այն, ինչ որ մեզ պարտադրում են:
Մեր հասարակութեան առողջ մասը, անհասկանալի թմբիրի մէջ լինելով, սխալի իր կարեւոր բաժինն ունի իր կրաւորական կեցուածքով եւ այն տպաւորութիւնը կայ, թէ ոմանց համար սկզբունք է դարձել մի հիւանդագին մտածելակերպ՝ դէմ լինել ամէն ինչի, որի փայլուն օրինակն է խայտառակ պարտութիւնից յետոյ, աւելի խայտառակ ցոյցերի փրկիչներ կոչուած համախմբումը՝ ընդհուպ պետական կառոյցներ ներխուժումը գոյքի ջարդ ու փշուր անելու միտումնաւոր արշաւով: Նպատակս չէ յանցաւոր փնտրելը, միայն թէ ութ ամիս անդադար դաւաճան եւ կապիտուլեանտ գոռացողները շարունակեցին նոյն կեցուածքը՝ խորհրդարանի առաջին նիստին ներկայա-նալով Սիւնիքի կալանաւորուած համայնքապետերի նկարով նախշուած շապիկով, սրահը դարձնելով խամաճիկի կրկէս՝ զանց առնելով այն փաստը, որ այդ անձանց կալանքի պատճառը իրաւախախտ լինելն է:
Մէկ բան ստոյգ է, որ պատերազմը չի աւարտուել եւ Բաներ կա՛ն, որ իրենց տեղում չեն եւ եթէ հաշուի առնենք նոր խորհրդարանում արդի տիրող մթնոլորտը, դեռ շատ սպասելիքներ կը լինեն: Ցաւալի է, որ հայրենաշինութեան եւ երկիրը անառիկ դարձնելու մտայնութիւնը վարակ չի դարձել բոլորի համար եւ ոմանք թշնամին մեր մէջ են փնտրում եւ աւելի ցաւալի է, որ նմանները, իրենց «էլիտա» համարելով, իրական թշնամուց պաշտպանուելու յոյսը դնում է ռուսների, կամ ըստ մի քանի մեկնագանգերի համոզմամբ՝ քաղաքակիրթ քրիստոնեայ աշխարհի վրայ: Բոլորովին աչքաթող է արուած այն հանգամանքը, որ սեփական ուժերով, որոշ զրկանքների գնով է, որ պիտի կարողանանք մեր ինքնիշխանութիւնը վերականգնել՝ անշուշտ առանց անտեսելու դրսից եկած որեւէ հնարաւոր օգնութիւն: Հայրենի որոշ հասարակական-քաղաքական շրջանակներում գերիշխող կարծիքն այն է, որ մենք սիրուած չենք եւ ամբողջ աշխարհը մեր դէմ է եւ այդ կարծիքի են նաեւ գրագէտներ, առանց հարց տալու, թէ ո՞վ ո՞ւմ է սիրում եւ առաւել կարեւոր է՝ ինչո՞ւ է սիրում։
Ներկայիս անհանգստացնող հարցերից է ներքին խաղաղ վիճակի վերականգնումը, մանաւանդ Սիւնիքում եղած մի քանի խժդժութեանը, որ ներմուծել էին քոչի համակիր դաւադիր համայնքապետերը այն կապելով տարանցիկ միջանցքի հետ, որ ենթադրաբար տարբեր աննպաստ պայմաններ կարող է յարուցել մեզ համար, չնայած ըստ վարչապետի ելոյթներին այն կենսական է մեզ համար: Շատերը այդ կարծիքի չեն թէ երկրում, եւ թէ սփիւռքում՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ այն թելադրուած է ռուս եւ ազերիների կողմից։
Ինչ վերաբերում է Սփիւռքի հնարաւոր դերին երկրում, շատերն են գիտակցում, որ Հայաստանը մեզ բոլորիս է պատկանում, սակայն իրականում Սփիւռքը՝ ցաւօք, շատ քիչ խօսք ունի հայրենի հարցերի լուծման վերաբերեալ: Մենք չենք քուէարկում եւ չենք կարող ստանձնել բարձր մակարդակի պաշտօններ, ապա ինչպէ՞ս օգտակար կարող ենք լինել: Բացի նուիրատուութիւնից եւ ներդրումներից խորհուրդ տալն է մեզ մնում, որ հիմնականում լաւ չի ընկալւում, քանի որ այն հասանելի չէ բոլորին: Երկրի գործիչներից ոմանք կարծում են ամէն ինչ գիտենալ, բայց իրականում սահմանափակ են:
Կարծեմ, թէ նոյնիսկ ոխերիմ թշնամու հետ բանակցել՝ փոխշահաւէտ եզրեր գտնելով հնարաւոր է եւ այդպէս են վարուել դարերի ընթացքին պատերազմող բոլոր կողմերը, բացի թուրքերից, որ եկան եւ մնացին: Աւելորդ չեմ համարում յիշեցնել, որ համաշխարհային պատերազմի պարտուողները՝ Գերմանիան եւ Ճապոնիան, որ գրեթէ հողին էին հարթացուել, այսօր տնտեսապէս բարձր վարկանիշ ունեցողների շարքում են, իսկ մերոնք, 44-օրեայ դժոխքը մատի փաթաթան արած, դեռ փնտրում են թէ ո՞վ է առանցքային մեղադրեալը՝ փոխանակ մոռացութեան գիրկը նետելու կուսակցական շահերը եւ գլուխ գլխի գալով միտք զարգացնեն թէ կառուցողական ի՞նչ միջոցներ կան՝ նախ չարիքի անմիջական հետեւանքները վերացնելու, որոնցից կարեւորագոյնը Արցախի կարգավիճակի պարզեցումն է եւ պայքարել երկրում տիրող երկբեւեռ անհանդուր-ժողականութիւնը՝ վերականգնելով յարգանքի եւ ընդհուպ՝ սիրոյ փոխադարձ մթնոլորտ, որ մեր Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան գրաւականն է: Մենք պարտուեցինք պատերազմում մեր անկարողութեան եւ պառակտումների պատճառով եւ վաղուց ժամանակն է, որ վարչապետի հրաժարականը պահանջող կառոյցները հասկանան եւ ընդունեն այն փաստը, որ պարոն Փաշինեանն օրինական ընտրուած՝ բոլորի վարչապետն է, եւ ոչ միայն իրեն քուէարկողների եւ ներկայացնում է ՊԵՏՈՒԹԻՒՆԸ- «Ձայն բազմացգգգ»: Բոլորը սեղանի շուրջ պիտի նստեն եւ միասին բազում դժուարութիւններին դիմակայելու ելք գտնեն երկրի շահերից ելնելով: Ցաւօք նոր խորհրդարանի մեկնարկի երեք օրերի նիստերին հետեւելով նման մտայնութեան նշոյլ անգամ նկատելու հաճոյքը չունեցայ: Իմ պատգամը արդի կացութեան առիթով այն է , որ բոլորս՝ իւրաքանչիւր հայ պիտի չմոռանայ, թէ ո՞ւր կ՝ուզենք հասնել եւ ո՞րն է մեր մեկնակէտը, այլապէս մեր երազած երկիրը կառուցելու բոլոր ուղիները կը փակուեն, ինչպէս այն եղաւ մեր հասակակից մի քանի երկրների ճակատագիրը: Դարձեալ շեշտեմ, որ հասունանալու պահը եկել է, եւ մեր գլխին գալիքի ահազանգը վաղուց է հնչել, իսկ իրար յօշոտելու կանչերը ճղճիմ քաղաքական մտայնութեան ծնունդ են եւ ոչ ոքի բարիք չեն կարող բերել :
6-8-21
Ռուբէն Յովակիմեան – Սեն Ռաֆայել

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *