Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար՝ Արարատի զորամաս կատարած այցի շրջանակներում լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի տեսադաշտում։
«Մենք կազմակերպված մշտադիտարկում ենք իրականացնում, այդ թվում՝ հայկական պետական կառույցների օգնությամբ: Իհարկե, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, ապա մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար», — նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Ստանիսլավ Զասը նշված համատեքստում կարևորում է աշխատանքային այն ձևաչափը, որն ուրվագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնոր-դությամբ:Այդ իսկ պատճառով, ասում է գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ի բոլոր գործողությունները բխում են իրավիճակի այդպիսի ընկալումից:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք նրանով, որ վերջերս բախումները սահմանին շատացել են և նկատվում է ինտենսիվություն: Դա չի նպաստում նշված աշխատանքները սկսելուն: Եվ բացի այդ, դա դժվարացնում է անկյունաքարային այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ: Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կհասկանան դա և քայլեր կձեռնարկեն տարաձայնությունները քաղաքական ճանապարհով լուծելու համար», – հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *