Հարգելի հայրենակիցներ, սիրելի եղբայրներ և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ։
30 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը: Մեր տոնացույցի այս կարևոր օրը խորհրդանշում է մեր ժողովրդի՝ անկախ և ժողաովրդավարական երկիր կառուցելու հավաքական կամքը, որն արտահայտվեց և ամրագրվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։
Անկախ պետականություն ունենալու ձգտումը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի բոլոր սերունդների մեծագույն իղձն ու ձգտումների կիզակետը: Մեր նախահայրերը իրենց դարավոր պայքարով մշտապես վառ են պահել ազատ և անկախ ապրելու վեհ գաղափարները մեր ինքնագիտակցության մեջ: Հենվելով ազգային և համամարդկային արժեքների լավագույն համադրման վրա, ցուցաբերելով անկոտրում կամք և հանդես գալով որպես իրապես միասնական ուժ՝ հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազգային ազատագրական պայքարը վերստին պսակվեց հաջողությամբ 1991 թվականին և ի լուր աշխարհի հռչակեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման մասին: Մեր բոլորիս հպարտությանը չափ չկար, երբ որ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը դարձավ միջազգային հանրության լիարժեք անդամ՝ 1992 թվականի մարտի 2-ին անդամակցելով Միավորված Ազգերի Կազմակերպությանը։ Ես պատիվն եմ ունեցել աշխատելու ՄԱԿ-ում որպես նորանկախ Հայաստանի հայ դիվանագետ և պետք է ձեզ խոստովանեմ, որ մեծագույն բերկրանք է, ինչպես նաև ահռելի պատասխանատվություն ծառայելը մեր հայրենի պետությանը միջազգային այդ ամենահեղինակավոր կազմակերպությունում։
Անկախության հաստատումից ի վեր մեր երեք տասնամյակի պատմությունը լիքն է պետականաշինության կարևորագույն ձեռքբերումներով, ինչպես նաև բազում փորձություններով, որոնք հաղթահարվեցին ժողովրդի հավաքական իմաստնության ու ժամանակակից աշխարհին համահունչ քայլելու մեր ձգտումների շնորհիվ։ Այսօր էլ մենք բոլորս միասնաբար պետք է հաղթահարենք մեր հայրենիքի առաջ ծառացած ահռելի անվտանգային մարտահրավերները՝ հայրենի պետության շահը ամեն ինչից վեր դասելով։ Ինքնիշխանությունը, համահայկականությունը և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնականությունն են այն կարևոր հենասյուները, որոնք հնարավորություն կընձեռնեն այս փորձությունները պատվով անցյալի գիրկն ուղարկելու և մեր մեջքը՝ իբրև դարերի խորքից եկող ու դեպի դարեր գնացող ազգ շտկելու համար։
Շնորհավորելով բոլորիս այս կարևոր տոնի առթիվ՝ մենք նախևառաջ մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին, արժևորենք անկախության խորհուրդը, խորհենք մի պահ մեր միասնականության կարևորության մասին, ինչպես նաև գլուխ խոնարհենք մեր նորօրյա հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց արյունով ներկեցին հայրենի հողը՝ հանուն հայ ժողովրդի լավ ապագայի։ Հենց այսօր ևս մեկ անգամ պետք է գիտակցենք, որ անկախ պետությունը մի ժառանգություն է, որը մշտապես պետք է շարունակել ամրապնդել և զարգացնել։ Գիտակցելով, որ ապագա տարիների ձեռքբերումները հեշտ չեն տրվելու՝ այսօր մեզնից յուրաքանչյուրի պարտքն է՝ մտորել՝ ինչ կարող ենք ամեն մեկս անել մեր բոլորի սերունդների ապագան ավելի ապահով, իսկ հայրենիքը՝ ավելի անսասան ու ամուր դարձնելու համար։
Ես հարգանքի իմ տուրքն եմ մատուցում և խորին երախտագիտությունս հայտնում մեր կալիֆորնիահայերին, Նևադա, Վաշինգտոն, Օրեգոն, Արիզոնա, Յուտա, Կոլորադո և մյուս բոլոր նահանգների հայրենակիցներիս, որոնք անցյալ տարվա Արցախյան պատերազմի ծանրագույն շրջանում իրենց անմնացորդ նվիրումով ու դրսևորած ջանքերով ապացուցեցին, որ իրենց հայրենասիրությունը սահման չունի։ Դուք բոլորդ հայրենիքի անբաժան մասն եք։ Աշխարհագրական հեռավորությունն երբեք չի կարող բաժանել մեր հայությանը Մայր Հայրենիքից։
Շնորհավորում եմ կալիֆորնիահայ և ամբողջ Արևմտյան Միացյալ Նահանգների հայրենակիցներիս՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ։ Շնորհավորում եմ նաև ամերիկացի մեր բազում բարեկամներին, որոնք Միացյալ Նահանգների անունից կամ անձնապես իրենց ծանրակշիռ ավանդն են ներդրել հայոց անկախ պետականության ամրապնդման գործում։
Կեցցե Հայաստանը, կեցցե Արցախը, կեցցե հայկական Սփյուռքը։
