Պատերազմից մեկ տարի անց, արդյո՞ք Արցախը, արցախցին կարողացել է քիչ թե շատ հաղթահարել պատերազմի հասցրած ֆիզիկական և բարոյահոգեբանական հետևանքները «Իրավունքը» հետաքրքրվել է Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻՑ:

-Պատերազմի իրական հետեւանքները հաղթահարելու համար տասնյակ տարիներն էլ բավարար չեն: Ի վերջո, գրեթե մի ողջ սերունդ կորցրեցինք, հսկայական տարածքներ: Այսօր խնդիրը ոչ թե այդ կորուստները վերականգնելն է, այլ առաջին հերթին ինքներս մեզ վերագտնելը, ուժերը ի մի բերելը, սեփական սխալներից հետեւթյուններն անելն ու ոտքի կանգնելը: Պատերազմում պարտությունից ավելի սարսափելին այդ պարտությանը գերի մնալն է: Այսօր հրամայականը այդ գերությունից ազատվելն է: Դու չես կարող վաղվա հաղթանակի համար աշխատել, եթե երեկվա պարտությունը քեզ շարունակում է դեպի հատակը քաշել: Փաստը, որ հակառակ հարյուրավոր զոհեր ունենալուն Արցախը եւ հակառակ հազարավոր զոհեր ունենալուն Հայաստանի Հանրապետությունը շարունակում են տարածաշրջանում մնալ գործոն, արդեն լավատեսության հիմք է: Ավելի ճիշտ՝ կարող է նման հիմք դառնալ, եթե յուրաքանչյուրս մեր տեղում ազնիվ ու առանց հոգնելու մեր պարտականությունները կատարենք: Հավատացեք, Հայրենիքը դրանից ավելին չի պահանջում: Արցախում մենք այդ ճանապարհն ենք ընտրել:

-Պարոն Հյուսնունց, ինչն՞ է արցախցի մեր հայրենակիցներին, չնայած առկա մարտահրավերներին, ուժ տալիս դիմակայել և առաջ նայել։

-Այլընտրանքի բացակայությունը: Դիմակայելու եւ առաջ նայելու միակ այլընտրանքը Արցախի հայաթափումը կլինի: Եթե դա անհնար եք համարում, նայեք դեպի Նախիջեւան: Մեկ դար առաջ այնտեղ հայկական բնակչություն ունեինք: Ի՞նչ ունենք այսօր: Սակայն Արցախը հայկական պահելը չպետք է համարենք միայն Արցախում ապրող հայության խնդիրը: Մեր թշնամիները մեզ հաստատ արցախցի, սյունեցի, գյումրեցի չեն համարում, այլ հայ: Արցախը հայկական պահելը համազգային մարտահրավեր է, եւ դրա կատարման պարտավորությունը միայն Արցախում ապրողների վրա դնելը կլինի մեր ամենամեծ, կասեի ճակատագրական սխալը: Արցախում ապրելով իսկ՝ արցախցին բաց է պահում այդ հնարավորության դուռը: Մնացյալը պետք է անենք միասին: Զուր չէ, որ Արցախը 1990-ականներին դարձել էր համազգային համախմբման առանցք: Այդ հնարավորությունը դեռ կա:

-Եվ վերջում, պատերազմից մեկ տարի անց, վերլուծելով իրողությունը, որն՞ էր ըստ Ձեզ պատերազմի նման ելքի, թերևս ամենահիմնական պատճառը։

-Մեկ կամ նույնիսկ մի քանի պատճառ թվարկելը ոչ թե դժվար, այլ անհնար է: Պատճառները շատ-շատ են, վերլուծելու, հետեւություններ անելու անսպառ նյութ ունենք: Մեր մեջ, մեր շուրջը, մեզնից հեռու: Այսօր մենք ե՛ւ տուժողն ենք, ե;ւ մեղադրյալը, ե՛ւ դատավորը: Մեր ամենամեծ սխալը հաղթանակներն ու պարտությունները անհատականացնելը կլինի: Գնահատականը կտա պատմությունը, իսկ կոնկրետ դեպքերում՝ նաեւ դատարանը: Դրանից ոչ-ոք չի խուսափել եւ չի էլ կարող խուսափել:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *