Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։
-Պարոն Գալիչյան, օգոստոսի 25-ից Արցախ-Հայաստան կապը պետք է ապահովվի Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհով։ Այն անցնելու է Սյունիքի Կոռնիձորով և պատրաստ կլինի եկող տարվա գարնանը: Որքան էլ իշխանությունները հավաստիացնում են, թե դա ամրագրված է եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթում, տեսակետ կա, որ այնտեղ ամրագրված է դրույթ միայն Շուշիի մասին, որ այդ նոր ճանապարհը պետք է շրջանցի միայն Շուշին, բայց ոչ Բերձորը կամ Աղավնոն։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։
–Փաստաթղթում խոսք է գնում այլընտրանքային ճանապարհի մասին, առանձնացրած Շուշի կամ Լաչին չկա։ Իմ դիտարկումն այլ է`պայմանագրում նշված է ժամկետ՝ մինչև 3 տարի։ Այսինքն՝ դեռ 2 տարին էլ չի լրացել, Ադրբեջանն արագ կառուցել ավարտել է ու ասում է՝ դուք էլ եկեք անմիջապես կառուցեք ու երկու շաբաթում մեզ տվեք Լաչինը։ Եթե մենք համաձայնագիր ունենք, որ մինչև 3 տարի ժամկետում պետք է կառուցվի ու հանձնվի շահագործման՝ ինչու՞ եք մեկ տա-րի առաջ ժողովրդին իրենց տներից դուրս հանում։
Երկրորդ՝ իրենք ճանապարհը կառուցել են գոյություն ունեցող գյուղական ճանապարհի վրա, լայնացրել, լավացրել են։ Այն Կոռնիձորի մոտից, սահմանի վրայից գնում հասնում է մինչև Լաչին, որը միանում գնում է դեպի Շուշի։ Այն Լաչինից 10-15 կմ հեռու է՝ դեպի հյուսիս-արևելք, ամբողջությամբ շրջանցում է այդ հատվածը։Իրենց նպատակն էլ հենց այն էր, որ Լաչինն առանձնացնեն, մնա իրենց։ Բայց այն, որ ժամանակը մեկ տարի առաջ են գցել ու ասում են՝ հիմա դատարկեք այդ շրջանը, անընդունելի է։Եթե այդպես է՝ մենք էլ պետք է ասենք համաձայնագրի մյուս կետերը դուք չեք կատարում, զորքերը հետ չեք քաշում մեր տարածքից,մեր սահմանները շարունակում են գնդակոծել, գերիներին չեք վերադարձրել։ Իրենց զինվորները պետք է դուրս գային Հայաստանի տարածքից, դուրս եկան, նորից ներխուժեցին։Եթե այդ համաձայնագրի կետերը չեք կատարում, ինչու՞ եք պահանջում, որ մի կետն էլ մենք շուտ կատարենք։Ինչու՞ պետք է Արցախի իշխանությունները կարգադրեն, որ Աղավնոն դատարկեն։ Հավանաբար Ադրբեջանի հետ միասին են որոշել, թե այդ Կոռնիձորի ճանապարհը որտեղ պետք է լինի , ըստ իս, միտումնավոր այնպես է արվել, որ 3.5 կմ հեռու լինի, քանի որ եթե 2.5 կմ հեռու լինի, Աղավնոն կմնար այդ ճանապարհի շրջակա տարածքի մեջ՝ այսինքն Հայաստանին կմնար։ Հիմա այնպես են արել, որ 3.5 կմ հեռու լինի, որ Աղավնո գյուղը մնա Ադրբեջանին։
Ես չեմ կարծում, որ ՀՀ իշխանություններն այդտեղ դերակատարություն ունեցած լինեն, քանի որ դա արվել է ըստ իս Ադրբեջանի, Արցախի ու ռուսների հետ միասնաբար։ Այսքան ժամանակ ասում են՝ մենք աշխատում ենք փրկել ձեզ ու հետո միանգամից ասում են՝ երկու շաբաթից դուրս եկեք։
-Եթե հստակեցնենք նոյեմբերի 9-ի համաձայնագրում կոնկրետ Աղավնոյի հատվածի մասին խոսք կա՞։
-Տարածքի մասին է խոսքը։ Այդ տարածքը երբ տալիս ես իրեն՝ Աղավնոն էլ, Սուս գյուղն էլ, Լաչինն էլ մտնում են դրա մեջ։
Ես մեկ ուրիշ դիտողություն էլ ունեմ։ Աղավնո գյուղը կառուցել են բեյրութահայերի օգնությամբ։Կազմակերպողը եղել է դաշնակցությունը,Մասիս Ալեքսանյան անունով մեկը այդ հարցերն էր գլուխ բերում՝ Արցախի իշխանությունների հետ միասին։ Ինչու՞ հիմա ՀՅԴ-ն միջազգային ատյաններին չի դիմում, ասի, որ կառուցել են ժողովրդի համար, հիմա նրանց դուրս են հանում այդ հատվածից։ Հիմա դաշնակցությունը փողոցում ներկա իշխանությունների դեմ է ցույցեր անում որպես ընդդիմություն, որը ծառայում է միայն Ալիևի շահերին։
-Կարծիք կա, որ նոր ստեղծվող այլընտրանքային ճանապարհն ավելի անվտանգ է լինելու, քան գործողը։ Այդպե՞ս է։
–Նույնքան վտանգավոր կամ անվտանգ, ինչքան գոյություն ունեցողը։ Կեսից
ավելին նույն մասն է օգտագործվելու, իսկ այն մասը, որը մոտենում է Շուշիին, պետք է շեղվի, Շուշիից հեռանա, ներս մտնի Ստեփանակերտ՝ հարավ-արևմուտքից։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես է կառուցվելու, քանի որ այնտեղ լեռնային ու անտառային շրջան է, ճանապարհ գոյություն չունի։Իսկ մյուսը, որ Բերձորն էր շրջանցում, այնտեղ գյուղական ճանապարհ կա, այն լայնացնելու մասին խոսք չկա … Եթե դա էլ չլինի, միտք չունի ճանապարհ փոխել։ Մեր իշխանություններն ու Արցախի իշխանությունները պետք է դրան հետևեն։

15 Օգոստոս, 2022 15:30
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
Դիտումներ՝ 10700
I Լրատվական

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *