Հեղինակ՝ Նանար Պողոսյան
Այսօր առաջին անգամ քո շիրիմաքարին, ոչ ոք ծաղիկ չի դնելու հայրիկ, փոխարենը գնալու եմ եկեղեցի եւ խնդրելու եմ Աստծուն, որ հոգիդ լույսերի մեջ մնա, իսկ խաղաղ չի կարող լինել քանի որ ամբողջությամբ բաժան- բաժան է ընտանիքդ։
Տղերքով պինդ պահեք Արցախի երկինքը, ինչպես ազատագրեցիք, թե չէ Դուք անմահացաք, ուրիշները հերոսացան ու մեզ բնավեր դարձրին։
Տանս դուռը բաց մնաց,
Մեջը կախված մի նկար,
Հայրս, մնաց, որ հսկի,
Բայց մարդ չկա, որ պատմի,
Թե ինչ եղավ Արցախին։
Հիմքից դրին մեր տունը,
Հայրս, մայրս տան սյունը,
Բայց դեռ տունը չավարտած,
Փլվեց հսկա մեր Սյունը։
Կառուցեցինք տունը մեր,
Երկհարկանի ու շքեղ,
Որ հայրս, երկնքից տեսներ,
Կիսատ տունն իր կառուցվեց։
Սակայն տունը սողանցից,
Սկսեց փլվել վերստին,
Նորոգեցինք, պնդացրինք,
Միեւնույն է չպահեց։
Ու հասկացանք որ տունը,
Պահում էր հսկա Սյունը
Ու երկնքից ամեն օր
Հսկում մեր խաղաղ քունը։
Ազատագրեց Արցախը,
Որ ամրանա իր տունը,
Սիրեց ամեն արդարը,
Որ միշտ կտրի իր սուրը։
Մայրս խեղճ էր, միշտ բարի,
Հայրիկիս հավատարիմ,
Ուսուցանեց կիրթ սերունդ,
Դաստիարակեց՝ հող սիրել։
Մեր տունը հսկա այգի ուներ,
Թուզ, բալենի, թթենի,
Պոպոկ ու խնձորենի
Հայրս տնկեց ծառերը,
Բայց չհասցրեց՝ վայելել։
Հիմա հայրս մենակ է,
Հսկում մեր տունն ու այգին,
Տեսնե՞ս թուրքը ի՞նչ կանի,
Որ տեսնի հորս նկարը։
Սեր, մանկություն, ամեն ինչ,
Մնաց տանն ու այգու մեջ,
Լուսանկարներ, ապրած օրեր
Չկարողացանք մեզ հետ վերցնել։
Վերջին օրն էր հիշում եմ,
Մայրս, եղբայրս ու ես
Ճամփա ընկանք դեպի տուն ,
Մեկ էլ ասին, որ ճամփան
Արդեն փակ է դեպի գյուղ։
Ու հյուրընկալ մեր տան,
Դարպասը միշտ բաց մնաց,
Հետո մի պահ հիշեցինք, որ դարպասը դրսից
Մայրս, փայտ էր գցել, որ մարդ չմտնի։
Գյուղում այդպես է կարգը,
Փայտն էր տան կողպեքը,
Դա պարզապես նշան էր,
Որ մարդ չկա այդ տանը։
Իսկ քաղաքի մեր տունը,
2020թ.-ին ավիրեց թուրք շունը,
Թուրքն ո՞վ է, որ քանդի
Բռնեցի վերանորոգեցի։
Ու, որ տանը չընկճվեն,
Ամեն հինը հանեցի, տեղը նորը դրեցի,
Շատերը ծիծաղեցին.
-Մարդիկ տունը ծախում են,
Դու վերանորոգում ես։
Բայց հավատս չկոտրվեց,
Փոխարենը հույսով լցվեց,
Որովհետեւ մեր տանը
Կառուցել սովորեցրին Արցախը։
Պահանջ չունեմ աշխարհին
Տունն եմ ուզում իմ գյուղի,
Մեր տան այգին բերքառատ,
Ու լուսանկարը հորս պատից կախված։
Հիմա հայրենի հողում,
Բոլորս անջատ ենք ապրում,
Անձնագիրս ճամփորդական թուղթ դարձավ,
Իսկ մենք՝ փախստական։
Նանար Պողոսյան
Հ. Գ. Չարաբաստիկ օր։..