Գրեց՝ Ռուբեն Յովակիմեան
«Խաղաղութիւնը քաղաքակրթութեան առաքինութիւնն է, պատերազմը՝ նրա յանցագործութիւնը՝ չարիքը»:
Վ. Հիւգօ
Բնական երեւոյթ չէ պատերազմը: Կենդանիները չեն պատերազմում, նրանք որսում են սնուելու պահանջը յագեցնելու: Այն մարդկային յղացում է եւ այնքան հին է, որքան մարդ արարածը: Ըստ էութեան այն տեղի է ունենում, երբ մի մարդ, մի խումբ, մի պետութիւն ընդհարուում է մէկ այլ խմբի կամ պետութեան հետ ծագած որեւէ վէճ զէնքի ուժով լուծելու, մինչեւ իսկ իրար ոչնչացնելու ձգտումով: Յաճախ, որոշ հրոսակներ ասպատակում էին այլ երկրներ թալանի, կողոպուտի նաեւ արօտավայրի տիրանալու նպատակով: Յիշենք հեռաւոր անցեալում եղած թաթար մոնղոլական վայրի ցեղերի արշաւանքները, որոնց առաջնորդներն էին Աթիլան, Չինգիզ խանը, Լենկ Թեմուրը եւ այլն, ինչպէս նաեւ, հռոմէացի զօրավար Լուկուլիուսը հասաւ մինչեւ Հայաստան, հիւսիսի վիկինգները եւ շատ ուրիշներ՝ չմոռանալով Հաննիբալն ու Մեծն Ալեքսանդրը:
Սխալ չեն պատմաբանները, երբ նշում են թէ մարդկութեան պատմութիւնը իրականում պատերազմների պատմութիւնն է եւ աշխարհի եօթ հրաշալիքներից շատ աւելի քիչ մանրամասնութիւնների ենք ծանօթ, քան բազում պատերազմների ու ճակատամարտերի մասին: Գաղտնիք չէ նաեւ, որ պատերազմները մեծ քանակով մարդկային կորուստների հետ են կապուած, բայց ի վերջոյ նրանք շահաբեր են թէ աւարի ձեւով եւ թէ երբեմն տարածքներ գրաւելու տեսակէտով, իսկ անհամար զոհերի քանակը անհանգստացնող հանգամանք չէ յաղթողի համար, մինչ պարտուողը կարող է ողբալ իր ճակատագիրը ըստ ցանկութեան:
Անհնար է յիշել բոլոր պատերազմները, քանզի իրականում երկրի որեւէ անկիւնում միշտ բախումներ եղել են դարերից ի վեր՝ մեծ ու փոքր կարեւորութեան, բայց անդադար մէկը միւսի շարունակութիւնը լինելով, աւելորդ չէ նշել Անգլիոյ եւ Ֆրանսիայի միջեւ ընդհատումներով պատերազմը, որ տեւեց հարիւր տարի (1337- 1453):
Բոլոր պատերազմները անտրամաբանական են ըստ էութեան, քանզի նրանց աւերելու եւ սպանելու մոլուցքը բնութեան սկզբունքներին յարիր չեն եւ տանում են մինչեւ իսկ ինքնաոչնչացումի, իսկ մարդու հիմնական դերը բարգաւաճուելն է: Պատերազմի գնալու փափագը երբեմն առաջնորդի ինքն իրեն գերազանցելու կիրքն է (méga-lomanie), որ անսանձելի նպատակ է, մտամոլութիւն: Այդպիսին չէ՞ր Բոնապարտը իր ձեռնարկած արշաւանքներով: Բանակի տասնապետից հասնելով ֆրանսիական կայսրի գահին, թերեւս մոլորուել էր իր իսկ յաջո- ղութիւններից եւ իր դրացի երկրներին թէպետ մասամբ տիրելուց յետոյ, մինչեւ Եգիպտոս հասնելով չբաւարարուեց եւ դէպի Ռուսաստան արշաւեց, որ ոչ մէկ տրամաբանութեան չեր համապատասխանում, նախ որ երեք հազար կմ.պէտք էր քայլել առանց անհրաժեշտ քանակութեամբ կօշիկ ունենալու եւ խիստ ձմեռուայ պատճառով զինուորները քայլում էին ոտքերը լաթով փաթաթած: Արշաւանքը աւարտուեց ինչպէս ծանօթ է բոլորին:
Նոյն տրամաբանութեամբ, նոյն սխալը գործեց Հիտլերը, երկրորդ համաշխարհային պատերազմում (1939- 1945) բախումների ասպարէզ ներքաշելով աշխարհի երկրների մեծ մասը, որից զերծ չմնաց նաեւ մեր աւետեաց երկիրը՝ տալով երեք հարիւր հազար զոհ խորհրդային բանակի կազմում, թէպէտ լինելով Բեռլին մտնող առաջին ջոկատներից եւ յաղթանակի դրօշը խորհրդարանի տանիքին ամրացնողներից:
Անյաջող նկարիչ Հիտլերը քաղաքական ոլորտում կարողացաւ թաքնուած ուժերի մասնակցութեամբ ընտրուել վարչապետ (kanzler), որ մեկնակէտը եղաւ աշխարհով մէկ սփռուած չարիքի՝ միլիոնաւոր զոհեր, աւերակ դարձած երկրներ: «Կենսական տարածք» փնտռելու պատրուակով ասպատակեց կենտրոնական Եւրոպան եւ Ֆրանսիայի հիւսիսային կէսը եւ Բաքուի նա- ւթին տիրանալու նպատակով, որոշեց յարձակուել Ռուսաստանի վրայ նկատի չառնելով նրա հետ խաղաղ դրացիութեան դաշինք կնքած լինելու փաստը, որ եղաւ իր կործանման որոշիչ քայլը:
Ի՞նչ է կատարւում այսօր երկրագնդի վրայ: Տիրում է ամէնուրեք նոյն պատերազմելու մոլուցքը, որի հիմնական դերակատարն է ԱՄՆ ՆԱՏՕ-ի մասնակցութեամբ եւ ձեռամբ, որոշ երկրների մասնակցութեամբ, երբեմն Իսրայէլի, քանի որ վերջինս մութ ուժերի ջանքերով տիրացաւ միջուկային զէնքին եւ իրաւունք է համարում սանձարձակ յոխորտանքի:
1945-ի մեծ պատերազմի աւարտին ԱՄՆ զինամթերքի արտադրութիւնը այնքան էր զարգացել, որ անհրաժեշտ էր այդ հսկայական «բիզնեսը» փրկելու եւ իրացնելու համար նոր միջոցներ գտնել, իմա՛ բախումների նոր օջախներ ստեղծել եւ թերեւս այդ տրամաբանութեան հիմքով էր, որ տեղի ունեցան Ֆորմոզայի, Վիետնամի, Կամբոջայի, Աղվանստանի, Իրաքի եւ այլոց աւերիչ քայլերը տասնեակ հազարաւոր ոչ ոքի չանհանգստացնող զոհերով, չմոռանանք մեր 44-օրեայ դժոխքը եւ մօտ հարիւր քսան հազար արցախցիների արտագաղթը պապենական իրանց օրրանից:
Արդեօք նոյն տրամաբանութեան շարունակութիւնը չէ՞ն արդի բախումները Ուկրաինայում, Սիրիայում ու Լիբանանում, իսկ Գազայի անվերջանալի դժոխքը դեռ որքան տեւելը ոչ ոքի է յայտնի: Արեւմուտքի Զելենսկուն տրամադրած միլիարդաւոր դոլարները համազօր չէ՞ ջուրը նետելուն, երբ անօթի եւ բուժում չունեցողների թիւը աճում է ամէն օր ի սփիւռս աշխարհի:
Ժամանակն է միջազգային հանրութիւնից ակնկալել աւելի լուրջ դիրքորոշում եւ հաւկուր լինելուց զերծ մնալ, երբ խնդիրը միւսների լինել չլինելուն է վերաբերում:
13-11-24
Ռուբեն Յովակիմեան