«…Երբ մայիս 21-ին երկաթուղու ընթացքով շարժուող թիւրքերը երևացին Սարդարապատի մօտ, այլևս իրենց առջև գտան յաղթելու վճռականութեամբ տոգորուած հայ զինուորին։ Մօտաւոր հաշուով, զօր. Սիլիկեանի զօրքի քանակը, այդ օրերին, հասնում էր 10,000 հոգու՝ բաղկացած հետևեալ մասե- րից. 4րդ գունդը, 1500 սուին, 5րդ գունդը՝ 800, պարտիզանական առաջին գունդը՝ 1200, Երզնկայի գունդը՝ 700, Մակուի գունդը՝ 300, սպայակոյտի պարէտի գումարտակը՝ 200, Վանի առաջին և երկրորդ գնդերը՝ 2500 սուին, 2րդ ձիաւոր գունդը՝ 700, Զէյթունի ձիաւոր գունդը՝ 500, պարտիզանական ձիաւոր գունդը՝ 800, յատուկ ձիաւոր գունդը՝ 500, Սմբատի, Դալի Ղազարի, Մուրատի խմբերը՝ 500 ձիաւոր և 4 մարտկոց 16 թնդանօթներով։ 

Այս ուժերը բաժանուած էին երկու մասի. մի մասը Դրոյի հրամանա- տարութեան տակ Բաշ Աբարանի ճակատում, միւսը՝ զօր. Դանիէլ բէգ Փիրու- մեանի հրամանատարութեան տակ Սարդարապատի դաշտում։ Զօրքերի ընդհանուր հրամանատարն էր զօր. Սիլիկեանը, սպայակոյտի պետ՝ գնդ. Վեքիլեանը, որ գծել էր կռուի ընդհանուր յատակագիծը։ 

Թիւրքերի կողմից, Սարդարապատի ճակատում, գործում էր 5րդ դիվիզիան և բազմաթիւ անկանոն խմբեր, իսկ Բաշ Աբարանի ուղղութեամբ՝ 3րդ դիվիզիան։ 

Կռիւները սկսեցին Սարդարապատում, ուր մեր զօրքերը գրաւել էին Ղարախանլու-Քեորփալու-Զէյվա գիւղերի գիծը։ Մայիս 21-22ին տեղի ունեցան մասնակի ընդհարումներ. թշնամին որոնում էր հակառակորդի թոյլ տեղը՝ վճռական գրոհի դիմելու համար։ Մայիս 23ին զօր. Սիլիկեանը տուեց հակայարձակման հրաման։ Հայկական ուժերը նետուեցին առաջ։ Բռընկուեց կատաղի ճակատամարտների երկար մի շարք։ Թիւրքերը ցոյց տուին յամառ դիմադրութիւն՝ անցնելով բազմաթիւ հակայարձակումների։ Ամբողջ օր, առաւօտից մինչև երեկոյ, որոտում էին թնդանօթները, որոնց գոռոցը հասնում էր մինչև Երևան, ուր նոյնպէս տիրում էր տենդոտ եռ ու զեռ։ 

Թիկունքից սայլերով, էշերով, ձեռքերով ռազմամթերք էին հասցնում կռուողներին, հաց, ծխախոտ, խմելու ջուր… Բազմաթիւ կամաւորներ՝ ծեր ու երիտասարդ՝ ռազմաճակատ էին շտապում։ Ճակատի զինուորը չէր միայն — ամբողջ երկիրը մի մարդ, մի շունչ դարձած՝ կռւում էր մահացու թշնա- մու դէմ։ 

Մայիսի 24ին թիւրքերը դիմեցին փախուստի։ Մերոնք հալածեցին ոգևորո- ւած։ Թշնամին յուսահատական դիմադրութիւն էր ցոյց տալիս և աշխատում դիրքեր գրաւել, բայց մերոնց շեշտակի հարուածների տակ շարունակեց փախուստը։ Յաղթութիւնը մերն էր։» 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *