Գարեգին բ, ռոբո-սերժ-հին քրէաօլիգարխիկ համակարգի փլուզումը՝ անխուսափելի

2026 թ. օգոստոսի 13-ի առցանց հարցազրոյցը, որը մասամբ խմբագրվել և վերաշարադրվել է տպագրության համար երկկողմանի համաձայնությամբ օգոստոսի 18-ին։ ԱԲO ՉԱՓԱՐԵԱՆ. Բարև ձեզ, իմ զրուցակիցն է Հայր Գարեգինը, աշխարհական անունով Հարություն Հարությունյան, աստվածաբանական գիտությունների դոկտոր, ով այսօր դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ Նա գիտական և սոցիալական բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ հօգուտ Արցախից բռնագաղթի ենթարկված հայորդիների։ Հայր Գարեգինը եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսության միաբան։ Բարի՜ եք եկել, Հայր Սուրբ։ ՀԱՅՐ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Բարև Ձեզ, պարոն Չափարյան, շնորհակալ եմ հրավերի համար։ ԱԲO ՉԱՓԱՐԵԱՆ. Ես եմ շնորհակալ, որ ընդունեցիք հրավերը։ Ուրեմն, ինչպե՞ս պետք է գնահատենք Արմավիրի մարզի, Վաղարշապատ քաղաքի առաջին ատյանի դատավորի ինքնաբացարկի հայտարարությունը, որը լսեցինք օգոստոսի 7-ին։ ՀԱՅՐ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Թերևս իրավաբանական տեսանկյունից Դուք ավելի լավ կարող եք մեկնաբանել, թե ինչու այսպիսի ինքնաբացարկ եղավ։ Մեզ համար Հայաստանում շատ զարմանալի էր, քանզի մեկ ամսից շարունակ շատերը սպասում էին, թե ինչպիսի ընթացք պետք է ունենա այդ օրվա դատական նիստը։ Բայց հանկարծ պարզվեց, որ այնտեղ դռնփակ զրույց է տեղի ունենում դատավորի և ներկաների միջև, ու հետո լսեցինք ինքնաբացարկի լուրը։ Ես չգիտեմ՝ սա անձնական որոշումով արեց այդ դատավորը, թե ինչ- որ ուղղորդում ստացավ։ Դժվար է մեկնաբանել։ Սակայն անշուշտ, սա շատ վատ նստվածք թողեց, որովհետև մարդկանցից շատերը սկսեցին մտածել, թե արդարադատության մ ե խ ա ն ի զ մ ն ե ր ը Հայաստանում սաստիկ կաղում են, այսինքն՝ նույնիսկ հանրության համար այսպիսի մեծ հնչեղություն ունեցող դատական նիստի դեպքում նման անհասկանալի բան է լինում։ Կարծում եմ՝ Արդարադատության նախարարությունը պետք է մեկնաբանի և շտկի մեր դատաիրավական համակարգը։ ԱԲO ՉԱՓԱՐԵԱՆ. Միանշանակ ճիշտ եք, իմ մտքի մեջ անգամ փոշու չափ կասկած չկա, որ եղածը պարզապես շոու էր և դատական կրկես։ Հանցագործ Գարեգին Բ Ներսիսյանն ու իր նմանները ժամանակ են շահում, որովհետև շատ լավ գիտեն, որ սա սկիզբն է երկար շղթայի այն հանցագործությունների բացահայտման, որոնք տարիների ընթացքում կատարվել են։ Մինչև այդ, տվյալ եղելությունը նաև փաստում է ամբողջ աշխարհին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջական թելադրանքից հեռու է մնում դատաիրավական համակարգը, ինչ-որ պետք է այդպես էլ լինի, որովհետև դա անկախ հաստատություն է։ Անցնենք հաջորդ հարցին՝ դատական այս գործընթացը փաստացի վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հակականոնական ճանապարհով առաջնորդական պաշտոնից զրկելուն, ինչպես նաև նրա եկեղեցական կարգն ապօրինաբար խլելու փորձին։ Դուք, իբրև Մայր Աթոռի նախկին միաբան, գրեթե նույն ապրումներն եք ունեցել տարիներ առաջ, երբ Ձեզ, այսպես կոչված, «հայրապետական տնօրինությամբ կարգալույծ» է հռչակել Գարեգին Բ Ներսիսյանը «անհնազանդության» համար։ Ինչպիսի՞ զգացումներ ունեցաք առհասարակ այդ պահին Դուք և ի՞նչ է, Ձեր պատկերացմամբ, այդ վարկյանին զգում տվյալ նվիրյալ հոգևորականը։ Ինչպիսի՞ ապրումներ է ունենում նա։ Կարելի՞ է դա արդյոք նկարագրել։ Անշուշտ, երկար ժամանակ նույն զոհը կրոնավորի տիտղոս է ունեցել, բայց հետո մեկ վայրկյանի մեջ արհեստական պատճառաբանությամբ կացնահարված է նրա առաքելությունը։ ՀԱՅՐ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Այո՛, շնորհակալություն այս հարցի համար։ Իրոք, այս խնդիրը մեզ շատ մեծ ցավ է պատճառում, բայց մի բան եմ ուզում ավելացնել մեր նախորդ թեմային՝ կապված Գևորգ սրբազանի իրավական հարցի և նաև այն փաստի հետ, որ հիմա Կտրիճ Ներսիսյանին և վեց եպիսկոպոսների Գերագույն Հոգևոր Խորհրդից հրավիրել են դատարան։ Այս պահը մի քիչ հիշեցնում է ինձ ֆրանսիացի գրող Ստենդալի «Կարմիրն ու Սևը» վեպը (Le Rouge et le Noir)։ Նա ևս գրում է այսպիսի դեպքի մասին, որը տեղի է ունեցել ֆրանսիական հեղափոխությունից հետո՝ 19-րդ դարի սկզբին, և նշում, որ ժողովուրդը ցնցված էր, որովհետև մի կաթոլիկ արքեպիսկոպոսի հրավիրվել էր աշխարհիկ դատարան։ Փաստորեն, Ֆրանսիայում նման դեպքերը սկսվել էին արդեն 200 տարի առաջ, իսկ Հայաստանում մարդիկ այժմ սենսացիա են ուզում սարքել դրանից։ Հատկապես Կտրիճ Ներսիսյանի փաստաբան Արա Զոհրաբյանը և նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատուն՝ Նաթան Հովհաննիսյանը, ասում են, իբր այսպիսի դեպք երբեք աշխարհում չի եղել, որ եկեղեցու հովվապետին կանչեն դատարան և աշխարհիկ օրենքներով դատեն ։ Բայց ես Ձեզ արդեն ուղարկել եմ, և Դուք էլ հրապարակել եք «ԱՄՆ Հայկական կյանք» թերթում, այն նորությունը, որ Էստոնիայում, Եվրամիության երկիր հանդիսացող պետությունում, տեղի իշխանությունը դատական որոշումով նման խնդիր լուծեց վերջերս և այժմ բոլոր այն համայնքները, որոնք Մոսկվայի պատրիարքության են ենթարկվում, մինչև այս տարվա դեկտեմբերի 28-ը պետք է լուծարվեն։ Բացի դրանից, այնտեղ իրենց երկրում պետք է ընտրվի նոր մետրոպոլիտ, որը կապված չի լինելու համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ։ Այսինքն՝ այդ երկրում գտնվող Ուղղափառ եկեղեցին պետք է ընդունի Տիեզերական Բարթուղիմեոս պատրիարքի էկզարխատի կարգավիճակ և անջատվի Մոսկվայի պատրիարքության վերահսկողությունից։ Փաստորեն, աշխարհիկ դատարանի կողմից որոշվել է, որ այն եկեղեցական համայնքները, որոնք դեռ ցանկանալու են կապված մնալ Ռուսաստանի հետ, իսպառ վերացվելու են։ Մյուս օրինակը Սերբիայի Պորֆիրիյ պատրիարքին է վերաբերում, որը ժամանակին մետրոպոլիտ է եղել Լուբլյանայում և Զագրեբում։ Այս անձնավորության դեպքում ևս ս.թ. հուլիսին Սլովակիայի դատարանը որոշում կայացրեց, որ պետք է 10 000 եվրոյով տուգանվի և անգամ պայմանական կալանքի ենթարկվի, որովհետև նա իր հոգևորականներից մեկին մոբինգի էր ենթարկել և ապա հակականոնական եղանակով կարգալույծ արել։ Սա առաջին հայացքից կրոնական խնդիր է, բայց եթե տվյալ քահանայի պարագայում մարդու իրավունքների խախտում է տեղի ունեցել, այսինքն՝ քրեական օրենսգրքով հանցանք է կատարվել, ապա անշուշտ դատական գործընթաց է սկսվում։ Այսպիսի դեպքերը շատ են, ուղղակի ես չգիտեմ, թե ինչու՞ են Կտրիճ Ներսիսյանի դատապաշտպանն ու Նաթան արքեպիսկոպոսն իրենց այդպիսի արտահայտություններ թույլ տալիս։ Միթե՞ նրանք տեղյակ չեն այս հնչեղ դատական գործերից և իրավական որոշումներից, որոնք տեղի են ունենում Եվրոպական Միությունում, թե՞ շատ լավ էլ տեղյակ են, ուղղակի փորձում են խեղաթյուրել հասարակության կարծիքը։ Սա նախորդ թեմայի մասին, իսկ Ձեր երկրորդ հարցը մեր ապրած կարգալուծության մասին էր, որը շատ ցավոտ երևույթ է։ Պատկերացրու, որ ամբողջ կյանքդ նվիրել ես այդ մեկ գործին։ Երիտասարդ տարիքից ուսանել ես դպրևանքում կամ հոգևոր ճեմարանում։ Հետո լրջորեն պատրաստվել ես կրոնավորի ծառայությանը։ Կոնկրետ իմ պարագայում ես Սբ. Էջմիածնի Գևորգյան Ճեմարանն ավարտելուց հետո Գարեգին Ա Սարգսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ էի ծառայում իբրև սարկավագ, այսինքն՝ քարտուղար էի վեհարանում։ Գարեգին Ա Հայրապետը, գիտեք, շատ գրագետ և իմաստուն մարդ էր ու միևնույն ժամանակ հայտնի էկումենիկ աստվածաբամ էր։ Մեր երիտասարդ հոգևորականների մեջ ինքը կարողացավ անմիջապես սերմանել հովվական և հայրական սերն ու միաբանական եղբայրությունը։ Բացի դրանից, ինքը, որպես գիտնական անձնավորություն, ով ժամանակին ուսանել էր նաև Անգլիայում, միշտ քաջալերում էր մեզ, եթե ուզում էինք գնալ արտասահման և խորացնել մեր հետագա ուսումը։ Նա սիրով տրամադրում էր բոլոր հնարավորությունները և կրթաթոշակ գտնում, որպեսզի գնանք և շարունակենք մեր աստվածաբանական կրթությունը։ Ես իր օրոք մեկնեցի Շվեյցարիայում գտնվող Բոսեյի Էկումենիկ ինստիտուտ և ստացա «Միջեկեղեցական ուսման վկայական» (Certificate of Ecumenical Studies)։ Դրանից հետո նաև Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի տեղապահության ժամանակ, այսինքն՝ տեղապահի օրհնությամբ և Գերմանիո թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հրավերով, մեկնեցի Այխշթեթ և ուսանեցի այնտեղի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում, ինչպես նաև ծառայեցի իբրև թեմի հոգևորական։ Այդ ընթացքում մեջտեղ եկավ Կտրիճ Ներսիսյանը, ու քանի որ ինքը հոգեբանական բարդույթ ունի՝ թերարժեքության խնդրի տեսքով, նա երբեք չէր ուզում, որ երիտասարդ հոգևորականներս արտասահմանյան համալսարան ավարտենք և դիպլոմ ստանանք, որովհետև ինքը ժամանակին ոչինչ չէր սովորել և ոչ մի վկայական չէր ստացել, որպեսզի հասկանա դրա արժեքը։ Այդ իսկ պատճառով նա միշտ ուզում էր, որ դու էլ ուսումդ կիսատ թողես և չփակված գեշտալտ ունենաս, այսինքն միշտ մտածես, որ չես ավարտել կրթությունդ ու նաև հետո չկարողանաս ինքնուրույն ոտքերիդ վրա կանգնել։ Դրա համար ինքը նախ չթողեց ինձ դոկտորական աշխատանքս սկսել Այխշթեթում և հետ կանչեց Հայաստան՝ նշանակելով Սևանի դպրանոցի տեսուչ և թերակղզու Սբ. Առաքելոց վանքի վանահայր։ Այնտեղ ես ծառայեցի ընդհամենը մեկուկես տարի, որից հետո նա հանկարծ որոշեց, որ չէ, ես ուսանողներին «հեղափոխական» եմ դարձնում, և իմ սաները շատ լավ են զգում իրենց Սևանի դպրանոցում, քանի որ գրեթե ոչ մեկին չեմ հեռացնում ինչ- որ հանցանքների կամ թերի առաջադիմության համար։ Սրա մասին արդեն մի անգամ բարձրաձայնել եմ հանրության առջև, չեմ ուզում կրկնել, բայց ինքը նորից ինձ ստիպեց, որ թողնեմ, գնամ Սևանից՝ ասելով. «Էսի քո տեղը չի, դու էս էրեխեքին փչացնում ես։ Ես իրենց երկաթի բռունցքի մեջ էի պահում, դու էս ի՞նչ լավություններ ես անում իրենց համար»։ Ու նորից ես գնացի Գարեգին Բեքչյան սրբազանի մոտ՝ Գերմանիա, և վերսկսեցի իմ դոկտորական ուսման ծրագիրը Մյունսթերի համալսարանի կաթոլիկ ֆակուլտետում։ Շուրջ տաս ամիս անցավ, ինքը մի օր հեռազանգեց և հարցրեց. «Ի՞նչ ես անում այդտեղ»։ Պատասխանեցի, որ դոկտորական թեզս եմ գրում և ծառայում եմ մի քանի եկեղեցական համայնքներում։ Կրկին հարցրեց. «Ի՞նչ թեմայով գրում»։ Ես էլ պատասխանեցի. «Եվրոինտեգրումը և քրիստոնեության դերը այդ քաղաքական նախաձեռնության մեջ»։ Իմ թեզը քաղաքականության և կրոնի մասին էր։ Ինքը մի պահ հապաղեց, հետո ասաց. «Ի՞նչ եվրոինտեգրում, այդ ամբողջ Եվրոպան սատանայականություն է…»։ Ես հասկացա իր տգիտության աստիճանը և թե որքան հեռու է ինքը գիտությունից։ Բացի դրանից, հստակ նկատվեց նրա ռուսամետ լինելը։ Դրանից հետո սկսեցի Մայր Աթոռի դիվանատնից պարբերաբար ինչ-որ անհասկանալի նամակներ ստանալ, որպեսզի արագացնեմ դիսերտացիայիս պաշտպանությունը կամ մաքսիմում մեկ տարի հետո կիսատ թողեմ ամեն բան և կրկին ետ վերադառնամ։ Ես չէի հասկանում, թե ի՞նչ է կատարվում, քանի որ ինքն էր ինձ նորից արտոնել Գերմանիա գալ։ Երբ մի քանի ամիս էլ անցավ, այսինքն՝ 2005 օգոստոսն էր, և ես շուրջ մեկ տարի էր, որ Մյունսթերում էի ու ստանում էի ուսանողական կրթաթոշակ «Ռենովաբիս» անունով կաթոլիկ հիմնադրամից, նա նորից զանգեց և անսպասելիորեն հարցրեց. «Լսե՞լ ես՝ ինչ է եղել Երևանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում»։ Ասացի, որ ոչ, տեղյակ չեմ։ Նա էլ պատմեց, որ ֆակուլտետի հիմնադիրն ու երկարամյա դեկանը՝ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը մահացել է։ Դրա համար ուզում է, որ ես շուտ ապրանքներս հավաքեմ և գամ Երևան՝ իր պաշտոնը ստանձնելու։ Ասացի. «Բայց ես նոր եմ Հայաստանից եկել և մի տարի առաջ եմ սկսել Գերմանիայում ուսանել, և թեզիս վրա դեռ պետք է բավականին աշխատեմ, քանի որ դոկտորական կրթաթոշակիս ծրագիրը երեք տարով է։ Մարդիկ կան՝ նույնիսկ հինգ տարի են դրա վրա ծախսում»։ Ինքը միայն քմծիծաղ տվեց և պահանջեց, որ հենց հիմա գամ. «Մենք խնդիր ունենք էստեղ, ֆակուլտետը ձեռքիցս գնում է»։ Հարցրեցի. «Իսկ ի՞նչ է պատահել և ինչո՞ւ ենք կորցնում Աստվածաբանության ֆակուլտետը»։ Պատասխանեց, որ ԵՊՀ-ի գիտխորհուրդն այլևս ոչ մի հոգևորական չի ուզում տեսնել որպես դեկան. «Ես ինչքան թեկնածու առաջարկել եմ, մերժել են բոլորին, և միայն դու, եթե գաս, իրենք քեզ ճանաչում ու հարգում են, քանի որ իրանցից ոմանք աշխատել են Սևանում, այդ մարդիկ քո պրոֆեսորներն են եղել։ Դրա համար քեզ հաստատ կընդունեն»։ Ես էլ ասացի. «Բայց, կներեք, ես չեմ ավարտել իմ դոկտորանտուրան, և ինչպե՞ս պետք է գամ, տարիքով պրոֆեսորների գլխին դեկան լինեմ։ Դա մի քիչ լուրջ չի»։ Երեսուն տարեկան էի էդ ժամանակ։ Ինքը կրկին ծիծաղեց և ասաց. «Դե դա կապ չունի, կգաս մի վեց ամիս կաշխատես, հետո փոխանորդ կնշանակես իմ ասած մարդուն ու մեջտեղից դուրս կգնաս»։ Ես ապշեցի և ուղղակի հարց տվեցի. «Փաստորեն, մենք խաբում ենք այս մարդկանց և գիտխորհրդի ներկայացուցիչներին մանիպուլյացիայի ենթարկում»։ Ինքն էլ պատասխանեց. «Ինչպես կուզես, դա կարող ես կոչել, կարևորը՝ ես ֆակուլտետը պետք է նորից իմ ձեռքը վերցնեմ»։ Մի գիշեր մտածելուց հետո ես նրան պատասխանեցի գրավոր նամակով և հեռազանգով. «Կներեք, չեմ անելու այդպիսի բան, քանի որ դա իմ խղճի դեմ է»։ Ինքը շատ զարմացավ. «Ինչպե՞ս, եթե ես քեզ մի բան եմ ասում, ուրեմն ակնկալում եմ միայն մեկ պատասխան, և դա պետք է ԱՅՈ լինի»։ Ես կրկին հակադարձեցի. «Ո՛չ, Ձեր պահանջածն ըստ իս հակաքրիստոնեական քայլ է։ Չի կարելի այդ մարդկանց խաբել։ Եթե Դուք Ձեր թեկնածուին չեք կարողանում անցկացնել, թող որ իրենք իրենց ուզած մարդուն ընտրեն։ Ճիշտը դա է»։ Այդտեղից մեր կոնֆլիկտը սկսեց խորանալ և մոտ վեց ամիս տևեց։ Իմ թեմակալ առաջնորդը՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, շատ էր ուզում, որ խնդիրը հարթվի։ Դրա համար նա միջամտում էր բոլոր ուժերով կամ փորձում տարբեր եպիսկոպոսների ներգրավել բանակցության համար, բայց ոչինչ չստացվեց։ Ես ունեմ իր նամակները, որոնք գրվել են Մայր Աթոռ և անձամբ ինձ։ Երբ որ պետք լինի, ես դա կհրապարակեմ։ Սակայն հետաքրքիր էր նաև մեկ այլ զրույց, որ ունեցա դիվանապետ Արշակ Խաչատրյանի հետ, երբ անձամբ եկա Սբ. Էջմիածին 2005 թ. դեկտեմբերին և փորձեցի տեղում բացատրել խնդիրը։ Նախ հանդիպեցի Կտրիճ Ներսիսյանին, ինչպես նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշ անդամներին և աշխատեցի հնարավորինս պարզ ներկայացնել, որ մեր Հայ Եկեղեցու համար եմ անում այս դոկտորականը։ Բայց իրենք, բացառությամբ ԳՀԽ-ի անդամ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, դա ընդհանրապես չհասկացան։ Իսկ Արշակ Խաչատրյանը կանչեց առանձնազրույցի և երկար-բարակ զրույցի վերջում ուղղակի ասաց. «Դե դու ճիշտ ես, բայց ի՞նչ կլինի, եթե ինքդ դիմում գրես ու ինքնակամ հեռանաս, որպեսզի եկեղեցու իմիջը չփչացնենք նորից։ Առանց այդ էլ վատ է մեր եկեղեցու վիճակը, ու եթե նորից մարդ կարգալույծ անի վեհը, ուրեմն՝ խայտառակ ենք լինելու նորից»։ Ես էլ պատասխանեցի. «Ոչ, եթե ինքն է ուզում, թող ինքն էլ կարգալույծ անի։ Ես ինչո՞ւ պետք է դիմում գրեմ, եթե չեմ ուզում իմ ծառայությունը կասեցնել»։ Երկու շաբաթ ժամանակ տվեց ինձ Կտրիճ Ներսիսյանը, որից հետո պետք է վերադառնայի ու ընդունեի «աղ օրհնող միաբանի» կարգավիճակ, այսինքն՝ ամբողջ կյանքս ապաշխարեի իմ գործած ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ համար։ Ես էլ, անշուշտ, մերժեցի այդ նվաստացուցիչ առաջարկը։ Ու նա կարգալույծ արեց ինձ «հայրապետական տնօրինությամբ»… Բայց հետաքրքիրն ի՞նչ է, որ ոչ մի կարգապահական ժողով այն ժամանակ չկար, ու ոչ մի թուղթ ես չեմ ստացել կաթողիկոսարանից։ Միայն 2006 թվականի հունվարի 31-ին մի հեռախոսային պատգամ ստացա SMS-ի տեսքով Արմաշ Նալբանդյանյանից, ով Դամասկոսի առաջնորդն էր և իմ մտերիմ ընկերներից մեկը, որտեղ գրված էր միայն մեկ հարցական նախադասություն. «Հայր Գարեգինին կարգալույծ են արե՞լ»։ Դրանից հետո դրված էին հինգ-վեց հարցական նշաններ։ Ես էլ մի խիստ պատասխան գրեցի, թե ինչ եմ մտածում այդ կարգալույծ անողի ու իր համախոհների մասին, և դրանով խնդիրը կարծես թե վերջացավ, ու ես սրտիս խորքում մեծ հանգստություն զգացի առաջին պահին։ Բայց իրականում դա մի ծանր ցավի արտահայտման սկիզբն էր, որն ահագին երկար ժամանակ ինձ ներքուստ դեռ պետք է տանջեր։ Մոտ երեք տարի տևեց ամենածանր շրջանը, եթե սուտ չասեմ, որովհետև Բեքչյան սրբազանը շարունակում էր ինձ դիմել իբրև հայր Գարեգին։ Ինքը միշտ հրավիրում էր ինձ տարբեր դասախոսությունների կամ ուղարկում էկումենիկ ժողովների։ Երբ թեմում ամառային ճամբարներ էին կազմակերպվում, օրվա փոխառաջնորդի՝ Սերոբե վարդապետ Իսախանյանի հետ գնում էինք երեխեքի հետ իբրև ջոկատավարներ և կրոնի ուսուցիչներ աշխատելու, և դա ծանր էր, որովհետև թե՛ երեխաները և թե՛ նրանց ծնողները զարմանում էին, երբ լսում էին, որ ինձ կարգալույծ են արել Սբ. Էջմիածնից։ Երբ ծանոթ մարդ էր մահանում և թաղման էինք գնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ, նա միշտ ասում էր. «Դու իմ կողքս եղի՛ր, որպեսզի օգնես ինձ»։ Երբ բացում էի իր ճամպրուկը և օգնում, որ հագնի շուրջառն ու եմիփորոնը, հանկարծ նկատում էի, որ մի հատ էլ կոկիկ ծալված սարկավագական կարմիր շապիկ կար այնտեղ։ Հարցնում էի, թե սա ո՞ւմ համար է։ Ինքն էլ պատասխանում էր, որ դա Մերուժան Սեդեֆյանն է դրել, մեր պոլսահայ ավագ սարկավագը և առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետը, որպեսզի ես հագնեմ։ Ասում եմ. «Ես ո՞նց հագնեմ դա»։ Սրբազանն էլ ժպտում էր իր բարի հայրական դեմքով ու պատասխանում. «Դե ինձ կօգնես էլի, որպես ասիստենտ»։ Այդպես երբեմն նաև բուրվառ էի գցում ու շարական երգում տարբեր արարողությունների ժամանակ։ Մեկ էլ վերջում հավատացյալ պոլսահայերը գալիս էին ու զարմացած հարցնում. «Ասիգա մերին Հայր Գարիգինը չէ՞ արդյոք»։ Սրբազանը պատասխանում էր. «Այո, այո, անշուշտ ինքն է»։ Բայց այդ մարդիկ չգիտեին իմ տխուր պատմությունը և ուրախանում էին. «Վա՛յ, աս ի՞նչ լավ մոդեռն Հայր Սուրբ ես դուն։ Մորուքդ աղվոր մը սափրած ես, ասանկ գեղեցիկ կարմիր շապիկ հագած ես, սև վեղարն ու սքեմդ դեն նետած ես։ Աբրի՜ս։ Ահա ասանք պետք է ըլլան մեր բոլոր բարեկարգեալ կղերականները»։ Ու այսպես անկեղծորեն ուրախանում էին։ Այն ժամանակ ինտերնետից կամ սոցիալական ցանցերից օգտվող դեռ շատ չկար, դրա համար լինում էր, որ հավատացյալ մարդիկ շարունակում էին մտածել, թե ես հոգևորական եմ։ Իսկ ես ցավ էի ապրում, որովհետև այդ խեղճ մարդիկ չգիտեին իրողությունը։ Բայց նշեմ նաև, որ շատերն էին ճանաչում ինձ մոտիկից ու բազմաթիվ նամակներ էին գրել կաթողիկոսին՝ տարբեր համայնքներից։ Նաև մեր սարկավագաց դասը՝ ամբողջ թեմի կողմից, հավաքական նամակ էր գրել՝ խնդրի հանգուցալուծման համար։ Կտրիճ Ներսիսյանն անշուշտ այս ամենը հաշվի չառավ և փաստացի նա արհամարհեց իր իսկ ժողովրդին։ Եվ այս փաստը գիտակցելուց հետո ես էլ ավելի ուժեղ էի զգում անարդարության ցավը։ ՀԳ. Փաստագրական առաքելության համար հարկ է նշել, որ «հայրապետական տնօրինությամբ կարգալույծ» հռչակելուց հետո Կտրիճ Ներսիսյանը փորձում էր ամեն կերպ կասեցնել իմ համալսարանական կրթաթոշակն ու դրանով խաթարել դոկտորական աշխատանքիս պաշտպանությունը։ ԱՊԱՐԴՅՈՒՆ։ Գերմանական կաթոլիկ եկեղեցու «Ռենովաբիս» հիմնադրամի և գիտական ղեկավարիս, պրոֆեսոր Թոմաս Բրեմերի ջանքերով շարունակեցի ուսանել Մյունսթերի համալսարանում և գերազանց առաջադիմությամբ ավարտեցի իմ թեզը։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *