Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է շարունակել կարիերան հռոմեական ակումբում նաեւ աշխատավարձի նվազման դեպքում, հաղորդում է gazetta.it-ը։
31-ամյա ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան այժմ բանակցում է «Ռոմայի» եւ Լոնդոնի «Արսենալի» հետ, որին պատկանում է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը։ Մխիթարյանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ. հունիս։
«Ռոման» պատրաստ է գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։ Իտալական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է շարունակել համագործակցությունը Մխիթարյանի հետ, որը դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը։
«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt.com-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
