ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
2020 թվականի ապրիլի 24-ին Լիբիայի ժամանակավոր կառավարությունը երկրորդ տարին անընդմեջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 2019-ի ապրիլի 19-ին ժամանակավոր կառավարությունը հանդես էր եկել համանման ճանաչմամբ:
Չնայած այդ ճանաչումը կարող է զարմացնել շատերին, քանի որ հազիվ թե Լիբիայում ապրող մի հայ գտնվի, սակայն այդուհանդերձ կան աշխարհաքաղաքական պատճառներ նման քայլ անելու համար։ 2012 թվականից ի վեր, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո, երկիրը մշտական կռիվների մեջ էր միմյանց դեմ պայքարող տարբեր ռազմական խմբավորումների հետ՝ Լիբիան կառավարելու համար:
Լիբիայի պաշտոնապես ճանաչված կառավարությունը սահմանափակված է ծովափնյա Տրիպոլիի և Միսրատայի շրջակայքում, մինչդեռ Լիբիայի տարածքի մեծ մասը գրավված է ժամանակավոր կառավարության կողմից՝ ռազմական առաջնորդ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ։ Ներքին քաղաքացիական պատերազմը զգալիորեն ընդլայնվել է Լիբիայի ներքին գործերին արտաքին տերությունների միջամտության պատճառով։ Թուրքիան և Քաթարը աջակցում են Կենտրոնական Կառավարությանը իսլամական զինյալներով և ռազմական տեխնիկայով, իսկ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) աջակցում են ժամանակավոր կառավարությանը:
Լիբիայում հակադիր կողմերի երկրները նաև ներգրավված են դիվանա-գիտական բախումների ու լրատվական պատերազմների մեջ։ Անցյալ ամիս Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ արգելափակում է մուտքը դեպի թուրքական լրատվական գործակալություններ և կայքեր: Իր հերթին, Թուրքիան արգելափակեց Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների լրատվամիջոցները։ Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատարում է «Մահմեդական եղբայրներին», իսկ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն դեմ են «Մահմեդական եղբայրներին»: Եգիպտոսը և Թուրքիան տարաձայնություններ են ունեցել այն պահից ի վեր, երբ «Մահմեդական եղբայրների» կողմնակից Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսին, որին աջակցում էր Թուրքիան, տապալվեց 2013 թվականին: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իրենց քաղաքացիներին խնդրել են բոյկոտել թուրքական արտադրանքը և ուղևորությունները դեպի Թուրքիա:
Այս տարածաշրջանային և ներքին տարատեսակ ցնցումները նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Լիբիայի ժամանակավոր կառավարության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից 2020թ ապրիլի 24-ին։ Ահա հայտարարության տեքստը.
«Մենք այսօր հիշում ենք Թուրքիայի կողմից հայ բնակչության ցեղասպա-նությունը, որն ընկնում է ամեն տարվա ապրիլի 24-ին։ Լիբիայի պետությունն այս տարելիցը ոգեկոչում է Կառավարության 2019թ. թիվ 238 որոշմամբ, որն այդ օրը հաստատել է որպես վերհիշելու ազգային օր։
Թուրքիայի հանցավոր գործողություններն ընդդեմ հայ ժողովրդի՝ հրկիզմամբ, կանխամտածված սպանությամբ, բռնի տեղահանությամբ և աստվածային օրենքներին հակասող այլ նողկալի գործողություններով՝ հանցագործություն է մարդկության դեմ, և այն պետք է ճանաչել ու պաշտոնապես ներողություն հայցել հայ ժողովրդից և հատուցել ջարդերով պայմանավորված նրա կրած ցավերի համար, որոնք չեն կարող ջնջվել հայերի և ամբողջ աշխարհի հիշողությունից։ Երբ մենք դատապարտում ենք մարդկայնության հետ որևէ աղերս չունեցող այս հան-ցագործությունը, մենք կրկին կոչ ենք անում աշխարհի երկրներին ճանաչել այս նողկալի ոճրագործությունը։
Այսօրվա Թուրքիայի կառավարությունն է, որ իր նոր իրավիճակում հան-ցագործություններ է գործում աշխարհի ժողովուրդների դեմ ՝ կոպտորեն միջամտելով նրանց ներքին գործերին։ Թերևս այն, ինչ նա իրականացրել է երեկ՝ հրթիռներով և անօդաչու սարքերով ռմբակոծելով Թարհունա քաղաքը (Լիբիա) սպանելով երեխաներին, տարեցներին ու կանանց, ոչնչացնելով մարդասիրական շարա-սյունները, սնունդն ու բժշկական օգնությունը, վառելիքի ցիստեռնները՝ վարձկաններ բերելով և ահաբեկիչներին աջակցելով՝ հանցագործություններ են, որոնք ավելանում են մարդկանց դեմ ուղղված այլ հանցագործությունների թուրքական շղթային և հաստատում Էրդողանի ամբարտավանության աստիճանն ու միջազգային բոլոր օրենքների ու նորմերի անտեսումը նրա կողմից»։
2019թ. ապրիլի 19-ին Լիբիայի ժամանակավոր կառավարությունն իր արտ-գործնախարարության միջոցով համանման մի հայտարարություն էր տարածել, որում ասվում է.
«Ժամանակավոր կառավարությունը մարտ ամսին պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
1915 թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները հավաքեցին, ձերբակալեցին և տեղահանեցին Կոստանդնուպոլիսից (ներկայումս Ստամբուլ), Անկարայի շրջան, 235-ից 270 հայ մտավորականների և համայնքի ղեկավարների, որոնց մեծամաս-նությանը վերջիվերջո սպանեցին:
Դրան հաջորդեց կանանց, երեխաների, տարեցների ու հիվանդների տեղա-հանությունը մահվան երթերով դեպի սիրիական անապատ։ Զինվորական ուղեկցորդների կողմից քշվող տեղահանվածները զրկված էին սննդից ու ջրից և պարբերաբար ենթարկվում էին թալանի, բռնաբարության ու սպանդի։
Ցեղասպանության զոհերի վերջնական թիվը կազմում է 1.5 միլիոն մարդ»։
Զարմանալի չէ, որ Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հայտա-րարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ այն ծառայում է իր հակաթուրքական քաղաքական օրակարգին: Ավելի զարմանալի կլիներ, եթե այդպիսի հայտարարություն արվեր հակառակ իր շահերին:
Բոլոր երկրները սպասարկում են իրենց ազգային շահերը: Հայաստանի կառավարությունը ևս պետք է նույն կերպ վարվի: Լիբիան լավ օրինակ է: Արդեն երկրորդ տարին անընդմեջ նրա ժամանակավոր կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ո՞րն է եղել Հայաստանի կառավարության արձագանքը։ Մենք տեղյակ չենք այդ կապակցությամբ որևէ հանրային մեկնաբանության մասին: Արդյոք ճի՞շտ չէր լինի, որ Հայաստանի արտգործնախարարությունը հանդես գար հայտարարությամբ՝ ողջունելով Լիբիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Մի օր ժամանակավոր կառավարությունը կարող է դառնալ
Լիբիայի օրինական ճանաչված կառավարությունը: Հիմա պահն է, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ հաստատի Լիբիայի հետ։ Քանի որ Թուրքիան իր շրջափակմամբ և հակահայկական տնտեսական ու դիվանագիտական ջանքերով մեկուսացնում է Հայաստանը հարևաններից, ի պատասխան, Հայաստանը պետք է համագործակցի աջակից երկրների հետ և մեկուսացնի Թուրքիային իր հնարավորությունների չափով։
Լավ հարաբերություններ հաստատելով Լիբիայի ժամանակավոր կառավա-րության հետ՝ Հայաստանը նաև կարող է սերտացնել իր հարաբերությունները Եգիպտոսի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հետ և շտկել գոյություն չունեցող իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի թագավորության հետ։ Վստահ եմ, որ այդ երկրները կգնահատեն Հայաստանի կառավարության մեկնած բարեկամական ձեռքը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի