ՍՈԼՏ ԼԵՅՔ ՍԻԹԻ – Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի առաջին պաշտոնական այցը Յուտա նահանգ սկսվել էր հուլիսի 12-ին Սոլթ Լեյք Սիթի մայրաքաղաքի Արբաթ սրահում հայ համայնքի հետ հանդիպումով: Գլխավոր հյուպատոսը խոսել էր գործնական մեխանիզմների և ծրագրերի մասին՝ կոչված մնայուն հարաբերություններ ձևավորել Յուտայի երկու հազարանոց հայ համայնքի և Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետայդպիսով կամրջելով համայնքը Հայաստանի հետ: Դեսպան Բայբուրդյանը իր երախտագիտությունն էր հայտնել համայնքի ներկայացուցիչներին վերջին տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախին և Հայաստանին մարդասիրական աջակցության ցուցաբերելու ջանքերի համար: Նա Հայաստանի գլխավոր հյուպատոսության անունից շնորհա-կալագիր էր հանձնել Սոլթ Լեյք Սիթիի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Հովիկ Մկրտիչյանին
այցի հայկական հատվածի կազմակերպման և հայ համայնքի կտրվածքով ղեկավար գործունեության համար։
Հունիսի 13-ին գլխավոր հյուպատոսն այցելել էր Յուտա նահանգի Օգդեն քաղաքում գտնվող Ուեբերի պետական համալսարան: Դեսպան Բայբուրդյանը հանդիպումներ էր ունեցել Ուեբերի պետական համալսարանի նախագահ Բրեդ Մորթենսենի, պրովոստ և գիտական աշխատանքների գծով փոխնախագահ Ռավի Կրովիի, դեկան և միջազգային կապերի պատասխանատու Յիմին Ուոնգի, Առողջապա-հական մասնագիտությունների քոլեջի դեկան Յասմին Սիմոնյանի և Խաղաղության և զարգացման ամբիոնի նախաձեռնող խմբի հետ։ Քննարկվել և համաձայնեցվել էին Հայաստանի բուհերի հետ գործընկերության հաստատման օրակարգային մի քանի կարևոր կետեր, մասնավորապես՝ Ուեբերի պետական համալսարանի ուսանողների համար Հայաստանում ուսումնառության ծրագրի մեկնարկի, Լոս Անջելեսում գործընկերության խթանման միջոցառում կազմակերպելու և այլնի վերաբերյալ: Դեկան Սիմոնյանի հետ և Դումկեի առողջապահական մասնագիտությունների քոլեջի ամբիոնի վարիչների հետ հանդիպմանը քննարկումը սևեռվել էր Երևանի պետական բժշկական համալսարանի հետ գործընկերություն հաստատելու խնդրի վրա:
Ամերիկայի հայկական համագումարի Յուտայի նախագահ Նարինե Սարգսյանը ընթրիք էր կազմակերպել ի պատիվ դեսպան Բայբուրդյանի՝ հայ համայնքից բազմաթիվ հրավիրյալների մասնակցությամբ:
Հուլիսի 14-ին դեսպան Բայբուրդյանը հյուրընկալվել էր Յուտա նահանգի փոխնահանգապետ Դիդրե Հենդերսոնի կողմից: Զրուցակիցները քննարկել էին Հայաստանի և Յուտայի միջև բազմաբնույթ համագործակցության հաստատման հեռանկարները: Գլխավոր հյուպատոսը խնդրել էր փոխնահանգապետի աջակցությունը տեղի հայկական համայնքի որոշ կարիքների լուծման հարցում:
Դեսպան Բայբուրդյանն այցելել էր Պրովո քաղաքի Բրիգհամ Յանգ համալսարան և աշխատանքային ճաշ ունեցել Քենեդիի միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարության, ինչպես նաև քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դասախոսների հետ: Նրանք խորքային քննարկում էին անցկացրել Հարավային Կովկասում ձևավորված իրավիճակի վերաբերյալ: Նա նաև այցելել էր Յուտայի հովտի համալսարան և հյուրընկալվել միջազգային կապերի պատասխանատու Բալդոմերո Լագոյի կողմից: Նրանք քննարկել էին վերջինիս նախաձեռնած միջազգային դիվանագիտական համաժողովին առնչվող հարցեր:
Հուլիսի 15-ին տեղի էր ունեցել «Յուտա – Հայաստան. առևտրի և ներդրումների հնարավորություններ» խորագրի ներքո գործարար կլոր սեղան: Այն կազմակերպել էր Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնը, Նահանգապետի տնտեսական զարգացման գրասենյակը և Սոլթ Լեյքի առևտրաարդյունաբերական պալատը: Դեսպան Բայբուրդյանը մինչ գործարար կլոր սեղանը հանդիպում էր ունեցել Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Մայլզ Հանսենի հետ: Նրանք քննարկել էին ձևավորվող համագործակցության ուղիները և առաջիկա քայլերի տրամաբանությունը՝ ուղղված Հայաստանի և Յուտայի միջև գործարար կապերի խթանմանը: Մասնակիցներին ողջունել էին Յուտայի նահանգապետի տնտեսական հնարավորությունների գրասենյակի գործադիր տնօրեն Ռայան Սթարքսը և Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի միջազգային ներդրումների գծով փոխնա-խագահ Դեյվիդ Կարլբախը: Յուտայի նահանգապետի տնտեսական հնարա-վորությունների գրասենյակի միջազգային առևտրի, դիվանագիտության և արարողակարգի հարցերով տնօրեն Ֆրանց Կոլբը ներկայացրել էր Յուտայի նահանգը՝ գործարար կյանքի տեսանկյունից: Դրանից հետո դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդես էր եկել զեկույցով և տեսաֆիլմ նեկայացրել՝ ընդգծելով Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համեմատական առավելությունները և հայկական բարձր տեխնոլոգիաների ընկերությունների՝ Յուտայի շուկա մուտք գործելու ներուժը: Նա պատասխանել էր նաև մասնակիցների հարցերին: Միջոցառմանը ներկա էր Յուտայի նահանգային սենատոր Քըրք Կալիմորը:
Գլխավոր հյուպատոսը այցելել էր նաև Սոլթ Լեյք Սիթիի Մարդասիրական կենտրոն և հյուրընկալվել իր պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին՝ ԷլԴիԷս եկեղեցու առաջնորդների կողմից:
