2014 թ.-ին, սիրիական ռազաքաղաքական ու հումանիտար ճգնաժամի քաոսի խորապատկերին և ի կատարումն 2139 (2014) ԱԽ բանաձի, ՄԱԿ Անվտանգության խորհուրդն իր հուլիսի 14-ի 2165 (2014) բանաձևով միջազգային «հումանիտար օգնության գործողություններին Սիրիայի կառավարության կողմից համա-ձայնություն տրամադրելը և հումանիտար բեռների առաքմանը խոչընդոտող պայմանների պահպանումը կամայական և չարդարացված» ճանաչեց, իսկ ՄԱԿ-ի գործակալություններին էլ լիազորեց առանց սիրական կառավարության համաձայնության այդպիսի օգնություն ցուցաբերել Սիրայի հյուսիս-արևմուտքին, հյուսիս-Արևելքին ու հարավին՝ համապատասխանաբար Թուրքիայից, Իրաքից և Հորդանանից։
Անդրսահմանային հումանիտար աջակցության նպատակով երեք սահմանակետեր բացվեցին՝ Ալ-Յարուբիայում, Բաբ ալ-Սալամում և Բաբ ալ-Հավայում։
Սա Հայաստանի ու Արցախի համար առանցքային ուշադրության առարկա պետք է լիներ ընդունման պահից՝ 2014թ-ից ի վեր, քանի որ պաշտոնական Բաքուն տարիներով մերժում էր Արցախին միջազգային հումանիտար օգնության ցուբարումը, ՄԱԿ գործակալությունների մուտքը ինքնահռչակ ու միջազգայնորեն չճանաչված պետության տարածք, որի բնակչությունը, անկախ իր հռչակած պետականության ճանաչվածությունից, ՄԱԿ ընդունած հռչակագրերով նույնպես օժտված էր մարդկության համար ընդունված բոլոր “զամբյուղների” իրավունքներից՝ քաղաքական-քաղքացիականից, սոցիալ-տնտեսականից մինչև մշակութային իրավունքներ։
Թե ինչպես է հայոց դիվանագիտությունն օգտվել ՄԱԿ ԱԽ 2014թ այս բանաձևից՝ այն նաև արցախահայության վրա տարածելու ու Ալիևի համառությունը “կոտրելու” համար, ես լռեմ… ինձ այդպիսի փաստեր հայտնի չեն… Իրականում այս բանաձևը միակողմանիորեն, առանց պաշտոնական Դամասկոսի համաձայնության լուծում էր այդ խնդիրը՝ թույլատրելով միջազգային հումանիտար կազմակերպություններին ու ՄԱԿ գործակալություններին մուտք գործել ու հումանիտար օգնություն տրամադրել սիրիական հակամարտության վերոնշյալ հատվածներում։
Սակայն, գերտերությունների՝ մասնավորապես Ռուսաստան, Չինաստան և Արևմուտք հարաբերությունների վատթարացմանը զուգընթաց, իրավիճակն սկսեց վատանալ նաև այս հարցում։ 2020թ, ՄԱԿ ԱԽ նիստում երկու անցակետերով անդրսահմանային աջակցության ցուցաբերման ժամկետի երկարացման որոշման վրա վետո դրվեց Ռուսաստանի և Չինաստանի կողմից, իսկ արդյունքում Ալ-Յարուբիայի ու Բաբ ալ-Սալամի անցակետերը փակվեցին։
Միակ՝ երրորդ անցակետի ժամկետը լրանում էր 2021թգ հուլիսի 10-ին, որին ընդառաջ ՄԱԿ ԱԽ բանաձև էր պատրաստվել այդ անցակետի գործունեությունը ևս 12 ամսով երկարացնելու համար։ Ռուսաստանի կողմից հերթական վետոյի սպառնալիքին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ Հյումըն Ռայթս Վոթչի, Ամնեսթի Ինթրնեշընալի, ինչպես նաև կառավարությունների սուր քննադատություններից հետո հուլիսի 9-ին ՄԱԿ ԱԽ փոխզիջումային որոշում ընդունեց՝ 6 ամսով անցակետի գործունեությունը երկարացնելու մասին։
Անցած տասնամյակներում հայոց դիվանագիտությունը բացառիկ ապաշնորհ գտնվեց Արցախի համար նման կարևոր նախադեպերը նրա վրա տարածելու հարցում՝ կլիներ Կոսովոյի նախադեպ թե հումանիտար օգնության համար նման միջազգայնացված կամ միջազգայնորեն թույլատրված անցակետերի նախադեպը։ Դրանով հնարավոր կլիներ բացարձակ այլ միջազգային-իրավական ռեժիմի, ասել է թե՝ նաև պաշտպանվածության տակ դնել նույն Լաչինի միջանցքը՝ որպես այդպիսի միջազգային հումանիտար աջակցության ցուցաբերման սահմանակետ ու միջանցք։ Դրա արդյունքում՝ միջազգայնորեն կավելանար նաև Սյունիքի դերն ու պաշտպանվածությունը Ալիևի այսօրվա հոխորտանքներից ու տարածքային հավակնություններից, թույլ չէր տա “միջանցքների սիմետրիայի” խաղ սկսել՝ հավասարազոր դարձնելով Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքն ու Ադրբեջանը Նախիջևանին կապող “զանգեզուրյան միջանցքը”, ինչը արվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք և ինչն անելու նկրտումներ Ալիևը ցուցաբերում է նաև այսօր։
Սա՝ հերթական բաց թողնված հնարավորության մասին, որի հետևանքները աղետալի եղան մեզ համար Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հանրային խորհրդի նախագահի կարգավիճակով պատերազմի երկրորդ շաբաթը մեզ մոտ հրատապ քննարկման հրավիրեցի ՄԱԿ 13 գերատեսչությունների ղեկավարներին, որոնցից պահանջեցինք արցախահայության գլխին կախված հումանիտար աղետի կանխագելման գործում կատարել իրենց առաքելությունը և հումանիտար աջակցության ծրագրեր ցուցաբերել հումանիտար աղետի թատերաբեմում՝ Արցախում, այլ ոչ թե Հայաստանից։ Ծանր, մեղադրանքներով ու քննադատությամբ հագեցած հանդիպման ժամանակ մեզ տրվող պատասխանը մեկն է՝ մենք Հայաստանի մանդատից դուրս գործելու իրավասություն չունենք… Հայաստանում ՄԱԿ գրասենյակի ու նրա գործակալությունների առաքելության սահմաններն ավարտվում են Հայաստանի սահմաններին, իսկ 1991թ Հայաստանը և Ադրբեջանը այդ կառույցներին անդամակցել են իրենց “հայտնի” սահմաններով…
Սա ևս անցյալի “հաղթական” դիվանագիտության արդյունքներից էր, որ գոնե Արցախի տարածքը միջազգայնորեն “վիճելի” տարածք չէր համարվել, եթե անգամ Հայաստանն ուզում էր միջազգայնորեն իրեն դիրքավորել որպես Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունեցող պետություն…
Չէինք արել… Միակ բանը, որ պայմանավորվեցինք, այն էր, որ ՄԱԿ գոր-ծակալությունների ղեկավարները Նյու Յորք զեկուցեն ոչ միայն արցախահայության վերահաս հումանիտար աղետի մասին, այլ նաև մեր պահանջը՝ միակողմանի հաղթահարել հակամարտության ու պատերազմի թատերաբեմ այդ կազմակերպությունների մուտքի Ալիևի համառությունը։ Իսկ սիրիական նախադեպը կարգ…
Ինչպես և նույն միջազգային մարդասիրական, հումանիտար, իրավապաշտպան կազմակերպությունների՝ Արցախ մուտք գործելու, երանելի դեպքում՝ Արցախում գործելու համար մեր մեկնաբանությունները չէինք տվել ՄԱԿ-ի ԱԽ 4 տխրահռչակ բանաձևերին, հատկապես 1992-94թթ ԵԱՀԿ արժեքավոր զեկույցների լույսի ներքո, որոնք եթե մի կողմից վատագույն առումով “օկուպացված” էին ճանաչում Ադրբեջանի հայտնի շրջանները, մյուս կողմից ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքն ու հումանիտար աջակցություն ստանալու իրավունքը։ Թերևս 1992թ դա է եղել պատճառը, որ Հայաստանի դեմ խիստ պատժամիջոցներ չկիրառվեցին, քանի որ Ադրբեջանը չէր կատարում ոչ միայն “ինքնորոշման իրավունքից օգտվել վանկացող ժողովրդի դեմ” ռազմական գործողությունները կանգնեցնելու, այլ նաև Արցախի հայության համար հումանիտար միջանցք ապահովելու միջազգային պահանջները, և հետևաբար՝ հայկական կողմից այդ միջանցքն ստեղծելը եթե ոչ եղանակի, ապա բովանդակային մասով միջազգային պահանջի կատարում ու արցախահայության իրավունքի իրացում էր…
Պատերազմի ժամանակ իմ աչքից չվրիպեց, որ այս մի անգամ Ալիևը բավական խորամանկ է գործում՝ իհարկե դե ֆակտո ստեղծելով այնպիսի իրավիճակ, որ անվտանգության նկատառումներով Լաչինի միջանցքը փակվի, սակայն չգրոհելով նրա ուղղությամբ… Ու պատճառը միայն Գորիսից հետո սահմանին տեղադրված ռուսական դրոշները չէին՝ որպես կարմիր գիծ, այլ նաև այն, որ Ալիևը շատ լավ գիտի, թե իրենք ինչ սխալներ են թույլ տվել առաջին պատերազմում, որի համար պատժվել են, և որոնք այս անգամ կրկնել պետք չէր…
Սակայն կրկին վերադառնանք հումանիտար աջակցության միջազգային միջանցքների թեմային։ Պատերազմի շրջանում ևս մեկ փակ քննարկում եղավ ԱԳՆ-ում, որտեղ իմ կողմից առաջարկվում էր այս ամենը լուծել ՄԱԿ շրջանակներում՝ թե՛ հակամարտությունը միջազգայնացնելով ու ՄԱԿ տանելով, թե՛ ՄԱԿ ԱԽ 1994թ 4 բանաձևերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ձևակերպելով, որը պատրաստ էի անել ինքս՝ հանրության անունից ու ՀԽ անունից, այդ թվում օգտագործելով ՄԱԿ ԱԽ-ում որոշ երկրների դեսպանների հետ իմ շատ անձնական-ընկերական հարաբերությունները, եթե ԱԳՆ կաշկանդվածություն ունենա անձամբ դա անելու հարցում…
Քանի որ ինքս սկզբունքորեն ընդունում էի, որ պատե-րազմի ռազմաքա-ղաքական ղեկավարումը պետք է իրա-կանացվի մեկ կենտրոնից ու առանձին անձանց իմպրովիզները կարող էին ռիսկեր ստեղծել, ոչ ինձ տրամադրվեց ակնկալածս պաշտոնական դիրքորո-շումները, ոչ էլ փաստորեն արվեց այն, ինչ ես պատկերացնում ու առաջարկում էի… Միակ ստացված համագործակցու-թյունը իմ, ԱԳՆ-ի ու ՄԱԿ երևանյան գրասենյակի միջև պատերազմում վարձկան տեռորիստների ներգրավման մասին զեկույցների ու աղբյուրների փոխանակումն էր, որպեսզի բոլոր կողմերս լրացնենք բացերը ու տեղե-կատվությունն ամբողջական լինի։ Իսկ իմ ղեկավարած Միջազգային և ան-վտանգության հարցերի հայկական ինստիտուտում այդպիսի հանձնարա-րություն տվել էի իմ թիմին, որի հավա-քագրած տեղեկություններն ու զե–կույց-ները տրամադրում էինք նաև հանրային խորհուրդների միջազգային ասոցիա-ցիայի անդամ մեր գործընկերներին…
Մնացած խնդիրները խոշոր հաշվով մնացին չլուծված ու Ալիևն իրեն բոլոր հարցերում է հաղթած համարում՝ որ ինքը կատարել է ՄԱԿ ԱԽ բանաձևերի պա-հանջները, որ չի թույլատրել հակա-մարտության գոտում ՄԱԿ կամ միջազ-գային այլ հումանիտար գործակալու-թյունների ու կազմակերպությունների մուտքը ու իր “պատմական-միջազ-գային” իրավունքն է ստեղծել “զանգե-զուրի միջանցքն” ու ապահովել “բոլոր փախստականների վերադարձն իրենց հայրենիք”՝ “Զանգեզուր”, “Իրեվան” ու “Գյոյչա”…
Ադրբեջանին զսպելու ու կաշկանդ-ված դարձնելու շատ հնարավորու-թյուններ ենք ունեցել, որոնցից ոչ մեկ չենք օգտագործել… Ռուսաստանի թելադրանքո՞վ, Ռուսաստանից պատժ-վելու վախի պատճառո՞վ… Ռուսաստա-նի հետ “խրամատների տարբեր կող-մերում չհայտնվելու” մտահոգությա՞մբ… Ինձ անհայտ է պատճառը, իսկ կորսված հնարավորությունների փաստերը անհերքելի են…
Ու այսօր էլ հարց է ծագում. միջազգային որ մեխանիզմն ենք օգտագործում Ադրբեջանին զսպելու, միջազգային հարաբերությունների կանոններին գոնե նվազագույն չափով հնազադեցնելու համար… Թվում է՝ թե ոչ մեկ… Ու հարցը այն չէ՝ նախարար ու փոխնախարարներ կան, թե չկան… Ցավալիորեն արդյունքները բացակա են եղել նաև նրանց առկայության դեպքում…Չիմացությո՞ւն. չեմ կարծում։ Նախկին նախարարներից Զոհրաբ Մնացականյանը հենց ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն էր ու շատ լավ գիտեր այս նախադեպերի ու մեխանիզմների մասին…
Այդ դեպքում՝ ինչո՞ւ ենք հենց մենք մեր անգործությամբ թուլացրել միջազգային մանդատները մեր անվտանգային խնդիրների վրա, այն դեպքում, երբ այդ խնդիրների լուծումները միջազգային իրավունքի դաշտում կան ու եղել են մեզ ձեռնտու նախադեպերի տեսքով… Չեմ ասում, թե միջազգային հանրությունն ու կազմակերպություններն այնքան զորեղ են, որ կարող են թղթերով ու բանաձևերով լուծել դրանք… Բայց ինչո՞ւ պետք է մենք ինքներս մեր ձեռքով մեր՝ միջազգային բնույթի ու լուծման խնդիրների ամենամիակ ու միջազգային ֆորմատը ու ապավենը դարձրեցինք միայն Մոսկվան… Դեռ հարց է, թե որտեղ է Ռուսաստանը այդ միջազգային հարթակում… Մինչդեռ հենց Հայաստանի խնդիրներն են նաև նույն Ռուսաստանին բերում միջազգային հարթակ…
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար
