Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան
(Սեն Ռաֆայել)
«Անիշխանութիւնը (anarchie) չարաշահումն է հասարակապետութեան, ինչպէս բռնապետութիւնը ՝ թագաւորութեան »: Վոլտեր
Վաղուց է, որ արթնանալու պատգամը ահազանգել է, նաեւ պարտաւորել, քանզի պետութիւն ընդդիմադիր յարաբերութիւնը, որ հեռու է կանոնաւոր, մեր նպատա-կներին համապատասխան, տրամաբանական եւ բարեկիրթ լինելուց՝ անյայտ է, թէ որքան է տեւելու, եւ այդքաշքշուկը մինչեւ ո՞ւր կ՝ուզեն հասցնել, որ ենթադրաբար ներքին կամ արտաքին մութ ուժերի (մասոններ, սորոսականներ եւ այլք) թելադրանքի է նմանւում: Այն կարծես վերջ չունի եւ անյայտ է նաեւ, թէ ի՛նչ անակնկալներ ենք ունենալու եւ ինչ նոր տեսակի հարուածներ պիտի տեղան մէկ եւ միւս կողմից: Երբ մի ժողովրդից խլում են նրա պատմութիւնը, իսկ ներկան դարձնում անորոշ, մի ժամանակ անց այն փոխւում է եւ դառնում ամբոխ, մինչեւ իսկ խուժան, իսկ նրան կառավարելը լինում է բնազդային, քանզի մարդը մնում է եւ յաճախ ապրում է իր կենդանական բնազդով, ինչպէս նաեւ նրան ներարկած յորդառատ ՍՈՒՏ-ը, երբ կրկնւում է անընդհատ՝ ընկալւում է որպէս ճշմարտութիւն՝ հուսկ ամէնուր բանականութեան նա-հանջ է տիրում։
Ներկայիս մեր ժողովրդի սպառուած համբերութեանը փոխարինել է անտարբերութեան թմբիրը, ուստի փողոց ելնելու եւ մասնակից լինելու ցանկութիւնը նուազել է, իսկ ի՞նչ կը լինի, եթէ մի պայծառ օր մեր «ԼԱՕ»-ն, իմա՝ ժողովուրդը, արթնանայ, սթափուի եւ ի գործ դնի իր բնական գիտակցութիւնը՝ յենուելով իր իսկ ներուժի վրայ եւ լուանայ, մաքրագործի շրջա-պատը, թօթափելով ազատուի տիրող սուտ ու կեղծ սկզբունքներից եւ ամէն ինչ իր արժանի անունով կոչի՝ լծուելով երկրի առարկայական վերակառուցմանը, նախաձեռնի կարիք ունեցող օրէնսդրական սկզբունքների հաստատման, փոխանակ այս կամ այն կողմից սպասելու, թէ ո՛վ պիտի մեզ
օգնութեան հասնի, որ իրականում բազում չեն ցանկացողները: Ամէն մարդ իր դռան առջեւը մաքրելու պարտականութիւնը ունի: Անուրջ չէ այս եւ ներքին համոզմունք ունեմ, որ թէ՛ իշխանութեան եւ թէ՛ բազմաշերտ ընդդիմադիր դաշտում նուիրուած, ունակ անձանց պակաս չկայ, միայն թէ նրանց համախմբելն եւ միեւնոյն նպատակին ծառայեցնելն է մեծ խնդիր, որին հասնելու համար երկար ճամփայ կայ անցնելիք, մինչ հետեւանքը անգուշակելի է:
Իշխանաւոր լինելը շնորհ կամ վերից տրուած մանանայ չէ, ինչպէս, որ ընդդիմադիր լինելը անէծք կամ պատիժ չէ եւ սխալ ընտրութեան հետեւանք եւս չէ: Նրանք իրար լրացնող, իրար համադրուող կառոյցներ են, որոնց միակ եւ պարտադիր նպատակը՝ երկիրը շէնացնելը պիտի լինի, թէկուզ տարբեր միջոցներով եւ ծրագրերով, բայց երբեք իրար գզվռտելով, մաշեցնելով սեփական կամքը թելադրելով, որ քաղաքական մտածելակերպ է դարձել մեր երկրում: Որքան որ ողբալի է՝ այն դեռ փաստ է:
Ինչի՞ են նման եւ ո՞ւմ են ծառայում այն չարախօսութիւնները, հայհոյանքները եւ իրար նկատմամբ անկիրթ եւ բռի դիմելաձեւերը, որ առատօրէն հնչում եւ գրւում են հայրենի քաղաքական միջավայրում, ուր պատշաճութեան ձողանշանը գրեթէ զրոյից ցածր է, մինչեւ իսկ աննշմարելի: Միթէ մերոնց դեռ չեն հասկացրել, որ այդ կացութիւնը դէպի անդունդ գահավիժելու ուղին է, որքան որ երկիր փրկելու կոչեր բարձրաձայնեն՝ տարբեր տեսակի դժգոհութիւններով պարուրուած. ի դէպ արդի պայմաններում բոլորը դժգոհ են բոլորից եւ ամէն մարդ բողոքի իր հիմքն ու պատճառը ունի:
Եթէ հայեացք նետենք անցած վերջին տարիներին, դժուար չէ մտաբերել, որ մօտ չորս տարի առաջ էր, երբ նոր ընտրեալ վարչապետը հանրութեանը յայտարարեց, թէ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալուել եմ», իր աթոռը նրան փոխանցելով, որից յետոյ «Յեղափոխութիւն» յանգերգը բարձր շեփորեցին, որ իրականում, այլ բան չէր քան անուանափոխութիւն: Այս յիշեցումը աւելորդ չէ, զանց առնելով մանրուքները, քանզի անցած դժոխային (44 օր) եւ արդի տարբեր դժուար կացութիւններ դիմագրաւելու փաստին , որ շարունակական են, սատար լինելու կամ չխանգարելու փոխարէն՝ քանզի երկրի լինել չլինելու հարց է, ոմանք յամառօրէն, անդադար հրաժարումի պահանջով արատաւորեցին երկրի իմացական դաշտը, մի բան որ կարելի էր անել առողջ բանականութեամբ, առանց լուտանք հայհոյանքների: Չէ՞ որ շատերն են բարեկիրթ լինելու յաւակնորդ:
Եթէ աղմկարարները իրենց հովանաւորների հետ մէկ տեղ գիտակից չլինէին իրենց արատաւոր անցեալին եւ տագնապի մէջ չլինէին սեփական մաշկը փրկելու հոգսով եւ այս անցած չորս տարիների ընթացքին լուրջ վերաբերում ունենային իրենց պարտականութիւնների եւ ապագայի հան-
դէպ,− ապա բաւական ժամանակ կար բովանդակալից ծրագիր պատրաստել՝ խորհրդակցելով ցանկացած բարձրորակ մասնագէտների հետ, փոխանակ գումարներ ծախսել ընտրակաշառքի կամ ցուցարարներին կերակրելու եւ փողոցներում վրաններ տեղաւորելու՝ ընդամէնը մի քանի ամիս անց, օրինական վերընտրութիւնների առիթով պիտի կարողանային ծրագիր ներկայացնել եւ փառքով-պատուով երազած աթոռին բազմել, եթէ մտադիր եւ ընդունակ էին ժողովրդին համոզել: Աւա՜ղ, այլեւս այդ հնարաւոր չէ կայացած բազում դաւադիր քայլերից յետոյ, որքան էլ այն ցանկալի համարուի եւ ոչ ոք պատրաստ չէ մոռանալ Հոկտեմբեր 27-ն ու Մարտի 1-ը, մնացեալը ենթադրելի է:
Անհրաժեշտ չեմ համարում գոյութիւն ունեցող ԱԺընդդիմութիւն յարաբերութեանը անդրադառնալ: Այն ոչ մի բանի չի նմանւում, արտառոց կեցուածք է, իմա՝ մտայնութիւն–անզօրութիւն, որ հեղինակներին է միայն հասկանալի եւ ընդունելի:
Կարելի է՞ անտեսել, որ կեանքը առաջանում է ամէնուր եւ մենք պարտաւոր ենք, ամէն գնով հետեւել աշխարհի հեւքին, ընթացքին՝ գոյատեւելու պայմանով:
28-6-22
Ռուբէն Յովակիմեան -Սեն Ռաֆայէլ