Երանություն է Մարդ մնալ կյանքում, 

Այս անմարդկայի՛ն դարի արանքում, 

Էժա՛ն ու ճղճի՛մ արժեքների մեջ, 

Կե՛ղծ վարք ու բարքի նեղլիկ միջանցքում: 

Երանությո՜ւն է Մարդ մնալ կյանքում: 

Մարդու պես հուզվե՜լ, Մարդու պես բանե՛լ, 

Ուրիշի ցավը սրտովին տանե՛լ, 

Խայտալ չնչինի՛ց ու գովաբանե՜լ, 

Ուրիշի լավին նախանձ չդնե՛լ, 

Լինել կամեցո՛ղ, ազնի՛վ ու մաքո՛ւր: 

Երանությո՛ւն է Մա՛րդ մնալ կյանքում: 

Այս խելացնո՜րհ դարի ընթացքում, 

Բովանդակության ու ձևի միջև 

Հախո՛ւռն մարող պայքարի ջանքում: 

Երբ սերն ու խիղճը՝ ա՛ռք ու վաճա՛ռք են, 

Մարդն՝ առանց մատուռ հնամաշ վանք է, 

Որ երերո՛ւմ է մարող հավատքում: 

Երանություն է Մա՛րդ մնալ կյանքում: 

Սիրով ծնկի գալ Աստծո ոտքի տակ, 

Սիրել խենթորե՜ն, նվիրվել շիտա՛կ, 

Լինել և՛ օվկիան, և՛ փրկաօղակ, 

Բոլորի համար աղոթել անքուն: 

…Երանությո՜ւն է Մա՛րդ մնալ կյանքում: 

Բարձրաձա՜յն հնչել անձա՛յն լուսանցքում, 

Կրակվե՛լ աշխարհի բեռ ու ավերից, 

Աշխարհը ջանալ պտտե՛լ նորի՛ց, 

Ճառագե՛լ հոգու լույսով քո մաքո՜ւր: 

Երանությո՛ւն է Մա՛րդ մնալ կյանքում: 

Առլեն Շահվերդյան 

ԱՄՆ ՀԱՅ ԿԵԱՆՔ. Առլեն Շահվերդյան շնորհակալութիւն Հարազատ պատկերի համար եւ նոյնպէս՝ ճանապարհակերտման համար՝ դէպի հոգեւոր վերածնունդ։ 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *